Ղազախստանի Մանգիստաուի մարզում՝ Կասպից ծովի ափամերձ հատվածում անցկացվող զորավարժությունների ընթացքում ողբերգական պատահար է գրանցվել։ Եղանակի կտրուկ վատթարացման և ուժեղ քամու հետևանքով 19 զինծառայողի ալիքները քշել են բաց ծով։
Ղազախստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հաստատվել է 9 զինվորականի մահ։ Երեք հոգու հաջողվել է փրկել, որոնցից մեկը հոսպիտալացվել է։ Մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են, որոնց մասնակցում են Ռազմածովային ուժերի, արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ավիացիան։
Միջադեպի հանգամանքները պարզելու և փրկարարական աշխատանքները տեղում համակարգելու նպատակով Մանգիստաուի մարզ է մեկնել Պաշտպանության նախարարության հատուկ հանձնաժողովը՝ նախարար Դաուրեն Կոսանովի գլխավորությամբ։ Ղազախստանի Գլխավոր դատախազությունը զինծառայողների մահվան փաստով քրեական գործ է հարուցել և ձևավորել օպերատիվ-քննչական խումբ։
Հայտնի է, որ սեպտեմբերի 22-ից Կասպից ծովի ղազախական հատվածում ընթանում էին «Խազար կորղանը-2026» ռազմածովային զորավարժությունները, որոնց մասնակցում էր ավելի քան 500 զինծառայող, մարտական նավերի անձնակազմեր, ափամերձ ստորաբաժանումներ, ինչպես նաև Ափային պահպանության և ՀՕՊ ուժեր։