Սեպտեմբերի 22-ին Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետությունը փորձարկել է կառավարվող արկ՝ նախատեսված իր արդիականացված 240 մմ տրամաչափի համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) համար։ Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։
Ըստ հաղորդագրության՝ փորձարկումն իրականացվել է ազգային պաշտպանության զարգացման հնգամյա ծրագրի նպատակներին համապատասխան հրետանային և հրթիռային ուժերի արդիականացման ծրագրի շրջանակում, իսկ գործընթացը վերահսկել է Հյուսիսային Կորեայի Երկրորդ տնտեսական կոմիտեի նախագահ Կո Բյոնգ Հյոնը։
Արդիականացված 240 մմ կառավարվող արկը հագեցած է բարձր ճշգրտության ուղղորդման համակարգով և ունի 100 կմ հեռահարություն (բալիստիկ թռիչքագծի կիրառման դեպքում) ու 115 կմ հեռահարություն (համակցված պլաներային թռիչքագծի կիրառման դեպքում)։