Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը դեռ չգիտի՝ ինչպես ՔՊ-ն պետք է հեռացնի Վեհափառին․ այդ մասին այսօր նա ասաց կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով կառավարության կողմից հրապարակված «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցին։
Լրագրողի դիտարկմանը, որ Վեհափառին հեռացնելը ՔՊ վարչության որոշումն է, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Նախ՝ Վաղարշապատ համայնքում այն քաղաքական ուժը, քաղաքական թևը, քաղաքական շարժումը, որը Կտրիճ Ներսիսյանին էր ներկայացնում, պարտվեց, հետագայում էլ ամբողջ հանրապետությունում պարտվեց։ Այնպես որ, ասել, թե դա ՔՊ վարչությունում է քննարկվել․․․ վարչությունը Հայաստանի ժողովրդի կամքի արտացոլումն է»։
Դիտարկմանը, որ նա Ամենայն հայոց կաթողիկոսն է, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Դուք կարող եք ինձ էլ կաթողիկոս համարել կամ սրբություն համարել, բայց Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունն ասաց, որ ինքը ուղղակի Կտրիճ Ներսիսյանն է՝ գնալով և քվեարկելով ՔՊ կուսակցությանը․ ասաց դա Վաղարշապատի ընտրությունների ժամանակ»։
Հիշեցմանը՝ ընտրություններում ժողովրդի մի մեծ մասը քվեարկել է ընդդիմությանը, որոնք կաթողիկոսի հեռացմանը դեմ են, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․ «Ընդդիմությունը եկեղեցու հետ կապված հարցի վերաբերյալ իրենց ծրագրի մեջ նման դրույթ ունեցե՞լ է։ Իրենք չեն ունեցել, մենք ունեցել ենք, որի համար նաև ինչ-որ ձևով քննադատվել ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: