ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի ֆեյսբուքյան գրառումը
Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հաշվարկվող Gender Gap Index-ում Հայաստանի դիրքը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է՝ այժմ 58-րդ տեղում ենք 148 երկրների շարքում:
Հատկապես մեծ է առաջընթացը Political Empowerment-ի ուղղությամբ, ինչն առավելապես պայմանավորված է վերջին տարիներին կառավարությունում կանանց ակտիվ ներգրավմամբ, այսպես եթե 2021թ-ին Հայաստանը 132-րդն էր 156 երկրների շարքում, 2025թ-ին 48-րդն է 148 երկրների շարքում․․․
Մտովի փորձեցի գնահատել մեր 4 կին նախարարների աշխատանքը, վերջին տարիներին երկրում կատարված ամենացայտուն ռեֆորմների զգալի մասը կատարվել է նրանց ղեկավարությամբ՝ ոստիկանության ռեֆորմ, անձնագրային ռեֆորմ, առողջության համապարփակ ապահովագրության ռեֆորմ․․․
Հայաստանը գենդերային հավասարությամբ առաջատար է սահմանակից երկրների շարքում
ACSES վերլուծական կենտրոն. «Համաձայն Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակված Գլոբալ գենդերային ճեղքվածքի 2026թ-ի զեկույցի՝ Հայաստանը գենդերային հավասարության ինդեքսով (0.731) 58-րդն է աշխարհի 145 պետությունների և առաջատարը՝ սահմանակից երկրների շարքում:
Սահմանակից բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գենդերային հավասարությունը հատկապես դրսևորվում է կրթական և առողջապահական ոլորտներում, մասնավորապես՝ օրինակ Հայաստանը աշխարհում առաջիններից է գրագիտության, բարձրագույն կրթության ընդունելության և առողջ կյանքի տևողության մակարդակներում առկա գենդերային հավասարության ցուցանիշներով:
Գենդերային անհավասարությունը թե՛ Հայաստանի, թե՛ սահմանակից երկրների դեպքում դրսևորվում է հատկապես քաղաքական ոլորտում․ ենթաինդեքսի մեծությունը Հայաստանում 0.324 է, Վրաստանում՝ 0.226, Թուրքիայում՝ 0.118, Ադրբեջանում՝ 0.081, Իրանում՝ 0.046։
Գլոբալ գենդերային ճեղքվածքի ինդեքսը ձևավորվում է չորս ենթաինդեքսներով՝ կրթություն, առողջապահություն, տնտեսություն և քաղաքականություն։
Այս հրապարակումը պատրաստվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կայուն, ազդեցիկ և ներառական քաղհասարակություն» (ԿԱՆՔ) ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (ԺԶՀ), «Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության և «Բուն» գիտամշակութային հիմնադրամի կողմից: Այն նպատակ ունի ամրապնդել քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում՝ որպես դիմակայուն, անկախ և վստահելի գործոն ժողովրդավարական կառավարման, քաղաքականությունների մշակման և համայնքային հզորացման գործում»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: