Կարապետյան․ Եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի, ապա ՀՀ անվտանգային համակարգն անտեր կմնա

Եթե ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերվի, ապա Հայաստանի անվտանգային համակարգն անտեր կմնա, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը 24news.am-ին տված հարցազրույցում՝ պարզաբանելով իր նախորդ հայտարարությունը։

Սեպտեմբերի 11-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտարարել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու դեպքում կմնանք անտեր այս տարածաշրջանում։

«Պետությունն անտեր չի մնալու, Հայաստանը տեր ունի՝ Հայաստանի ժողովուրդը, բայց Հայաստանի անվտանգությունն է անտեր մնալու, քանի որ ռուսական ռազմաբազան համարվում է անվտանգային համակարգի բաղադրիչ»,- նշել է Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Կարապետյանի գնահատմամբ՝ արդեն ձևավորված անվտանգային համակարգի վերացումը անհեռատես քայլ է, եթե անգամ այլընտրանքի վերաբերյալ առաջարկություն չկա։ Նրա խոսքով՝ աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնք անվտանգային երաշխավորների կարիք չունեն։

Ավելի վաղ Կարապետյանը կարծիք էր հայտնել, որ ռուսական դերակատարությանը փոխարինելու է թուրքականը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում կենսական անհրաժեշտություն չէ։ Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը որոշի ռազմաբազան դուրս բերել Հայաստանի Հանրապետությունից, ՀՀ իշխանությունները չեն առարկի։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազայի կարիքը չունի, Ռուսաստանը պատրաստ է այն դուրս բերել նույնիսկ հաջորդ օրը։

Leave a comment