Հրապարակվել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը։
Նշվում է, որ զեկույցի պատրաստումը բխում է ՀՀ կառավարության 2026–2031 թթ. ծրագրից և պատրաստվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ:
Զեկույցը պատրաստվել է «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Զեկույցում 16 կետ, որոնց միջոցով ներկայացվել է «եկեղեցում առաջացած ճգնաժամը»։
Արձանագրումների շարքում նշվել են «կուսակրոնության ուխտի խախտումն ու բարեվարքության խախտումների անպատժելիությունը, հոգևորականների կամայական հետապնդումներն ու կարգալուծությունները, ֆինանսական անթափանցիկությունն ու եկեղեցապատկան գույքի ոչ նպատակային օգտագործումը» և այլն։
Ներկայացվել են նաև «ազգակցական ձեռնադրումների և կլանային կառավարման, Սուրբ խորանի քաղաքականացման ու արտաքին ազդեցությունների տարածման վերաբերյալ արձանագրումներ։ Անդրադարձ է կատարվել Ազգային-եկեղեցական ժողովի 27-ամյա խափանմանը և միասնական Սահմանադրության բացակայությանը, ինչպես նաև Սփյուռքի թեմերում պառակտումներին»։
Նշվում է, որ «եկեղեցին պետք է դադարի լինել քաղաքական պայքարի, ընտրական ազդեցության և արտաքին ներգործության գործիք», իսկ եկեղեցու «ֆինանսական հոսքերը, գույքի տնօրինումը և կադրային որոշումները ենթակա են ինստիտուցիոնալ, պարբերական և հրապարակային հաշվետվողականության»:
Որպես առաջին քայլ առաջարկվում է Բարենորոգման համակարգող խմբի ձևավորում՝ հոգևորականների և աշխարհականների մասնակցությամբ, և դրա կազմի ընդլայնման ընթացակարգի հրապարակում, որպես երկրորդ քայլ՝ ՀԱԵ «փաստացի պետի հեռացում»:
Կառավարությունն իր ծրագրում առանձին գլուխ է նվիրել եկեղեցուն՝ նշելով, որ «ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն»։ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ վարչապետը հայտարարել է, որ առաջիկայում եկեղեցուն առնչվող օրենսդրական փոփոխություններ կլինեն: