Փարաքարի մարզադպրոցի կառուցումը կթանկանա 53 մլն դրամով. կառավարությունը լավ չէր հաշվել

Բաժանորդագրվել

Թե կոնկրետ ինչ աշխատանքների համար է գումարն ավելացվում, նախագծում նշված չէ։ Մարզադպրոցի կառուցման պայմանագրային վերջնաժամկետը եղել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ը, սակայն աշխատանքները դեռ շարունակվում են։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի նոր մարզադպրոցի կառուցման պայմանագրի արժեքը նախատեսվում է ավելացնել 53,46 մլն դրամով՝ հասցնելով շուրջ 503,46 մլն դրամի։ Կառավարությունը հաստատեց նախագիծը։ Նախագծով առաջարկվում է թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին պայմանագրի գինը բարձրացնել 11,88%-ով՝ գերազանցելով գնումների օրենսդրությամբ նախատեսված սահմանաչափը։

Գործադիրը հիշեցրել է, որ մարզադպրոցի շինարարությունը մեկնարկել է 2024 թվականին։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել «Արալպլաստ» ՍՊԸ-ի հետ՝ սկզբնական 450 մլն դրամ արժեքով։ Նախկինում կատարված ծավալների ճշգրտումից հետո պայմանագրի արժեքը նվազել է մինչև շուրջ 449,39 մլն դրամ։

Շինարարության ընթացքում, սակայն, ի հայտ են եկել նախագծով չնախատեսված լրացուցիչ աշխատանքներ՝ 54,07 մլն դրամի չափով։ Հիմնավորման համաձայն՝ դրանք անհրաժեշտ են շենքի կառուցվածքային ամբողջականության, կայունության և հետագա անվտանգ շահագործման համար։ Թե կոնկրետ ինչ աշխատանքների մասին է խոսքը, հիմնավորման մեջ չի մանրամասնվում։

ԿԳՄՍ նախարարությունը նշում է, որ լրացուցիչ աշխատանքները տեխնիկապես և տեխնոլոգիապես հնարավոր չէ առանձնացնել հիմնական աշխատանքներից և պատվիրել մեկ այլ ընկերության։ Դա կարող է խաթարել շինարարական գործընթացը, իսկ հետագայում նաև խնդիրներ առաջացնել երաշխիքային պատասխանատվությունը տարբեր կապալառուների միջև սահմանազատելու հարցում։

Մարզադպրոցի կառուցման պայմանագրային վերջնաժամկետը եղել է 2025 թվականի դեկտեմբերի 5-ը, սակայն աշխատանքները դեռ շարունակվում են։ Հիմնավորման համաձայն՝ ժամկետն անցնելուց հետո կապալառուն աշխատանքներն իրականացնում է տույժերի պայմաններում։

Նախագծում ընդգծվում է, որ պայմանագրի արժեքի ավելացումը կապալառուին պատասխանատվությունից չի ազատում։ Լրացուցիչ ծախսերի համար նախատեսվում է առանձին բյուջետային վերաբաշխում կատարել՝ ԿԳՄՍ նախարարությանը 2026 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների շրջանակում։

Leave a comment