Ֆրանսիան ողջունել է Ադրբեջանի կողմից Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանին ներում շնորհելը ՝ որպես մարդասիրական քայլ, հայտնում է Reuters-ը:
Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պասկալ Կոնֆավրյոյի խոսքով՝ Ռայանին ներում շնորհելն «ադրբեջանական իշխանությունների հետ համբերատար և մանրակրկիտ երկխոսության» արդյունք էր. երկխոսություն, որը ֆրանսիական կողմը «մտադիր է շարունակել» և որը «քայլ է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։
Ռայանը ձերբակալվել էր 2023 թվականի դեկտեմբերին ՝ Թուրքիայի և Պակիստանի հետ Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին տեղեկություններ հավաքելու մեղադրանքով, 2026 թվականի մարտին նրան դատել էին լրտեսության համար և դատապարտել 10 տարվա ազատազրկման։
Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել նրան: Գործակալության դիվանագիտական աղբյուրների տվյալներով ՝ Ֆրանսիայի արտաքին հետախուզության ղեկավարը ժամանել է Ադրբեջան ՝ Ռայանին հայրենիք վերադարձնելու համար:
Աղբյուրները նաև հայտնել են սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոյի և նրա ադրբեջանցի գործընկերոջ հանդիպման մասին:
Ավելի վաղ ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակից հանել էր գործարարներ Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին: Ֆրանսիան ձգտում էր հեռացնել Ուսմանովին ցուցակից։
Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Փարիզն այդ քայլին դիմելիս հղում է կատարել ազգային անվտանգության նկատառումներին՝ այն կապելով Ադրբեջանում պահվող Ֆրանսիայի քաղաքացիների ազատ արձակման հետ։ «Փարիզը ոչ հրապարակային ազդանշան էր տվել, որ Բաքուն օգտագործում է Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցների իրավիճակը՝ Ադրբեջանում Ֆրանսիայի երկու քաղաքացիների կալանավորման հարցում Ֆրանսիայի վրա ճնշում գործադրելու համար», – գրել է գործակալությունը՝ վկայակոչելով անանուն եվրոպացի դիվանագետների։
Ընդ որում, անանուն ադրբեջանցի դիվանագետն ավելի վաղ հայտարարել էր, որ Բաքուն բացահայտորեն պաշտպանել է Ուսմանովին արևմտյան պատժամիջոցների ցուցակներից հանելը, քանի որ նրա դեմ կիրառված միջոցներն անարդար է համարել:
Թյուրքական պետությունների կազմակերպությունը, որի կազմում է նաև Ադրբեջանը, ավելի վաղ նամակներ էր ուղարկել ԵՄ երկրների առաջնորդներին և ԱՄՆ նախագահին ՝ կոչ անելով չեղարկել պատժամիջոցները: