Ավարտվեց Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան անշարժ գույքի վերաբերյալ դատաքննության փուլը

ՀՀ վարչական դատարանում Ռուզաննա Ազրոյանի նախագահությամբ ավարտվեց Հայաստանի գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան անշարժ գույքի վերաբերյալ դատաքննության փուլը։

Կողմերը հանդես եկան ամփոփիչ ճառերով՝ ներկայացնելով գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Մասնավորապես, պաշտպանական կողմը փաստեց, որ Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս դատախազության շահագրգիռ անձ չի հանդիսանում։ Իսկ եթե անգամ շահագրգիռ անձ հանդիսանում է` տվյալ գույքը կառուցվել է Գրողների միության անդամների դրամական միջոցների հաշվին՝ կառուցել են իրենք, օրինականացրել են իրենք կամ գրանցումը կատարվել է իրենց դիմումի հիման վրա։ Հետեւաբար, բոլոր հիմքերը, որոնք ներկայացվում են դատախազության կողմից, որեւէ առնչություն չունեն իրականության հետ, որ դա պետական ինչ-որ միջոցներով է կառուցվել։

«Ավելին, մենք նաեւ ապացույցներ ներկայացրինք, որ իրավահաջորդ հանդիսանում է Հայաստանի գրողների միությունը, իսկ եթե անգամ շահագրգիռ անձ կա, ապա դա դատախազությունը չէ։ Ըստ էության, ամփոփեցինք, ինչ որ ներկայացրել էինք նախկինում։

Մենք նախորդ նիստերում նաեւ միջնորդություն էինք ներկայացրել, որը վերաբերում էր վկա հարցաքննելուն։ Դատարանը հետաձգել էր դրա քննությունը։ Իսկ այսօր դատարանը արձանագրեց, որ այս պահին չի կարեւորում կարճման փաստի հետ կապված վկայի հարցաքննության ինստիտուտի կիրառումը։ Այսինքն, գտավ, որ այս պահին անհրաժեշտ չէ։ Բայց մենք այն դիրքորոշմանն ենք, որ ներկայացված այս պահանջի շրջանակներում գույքը չի կարող վերադարձվել պետությանը, որովհետեւ եթե անձը ներկայացնում է ճանաչման հայց, բոլորս գիտենք, որ վարչական դատավարությունում ճանաչման հայցը չի ենթադրում հետագայում հետեւանքների ածանցյալ պահանջների բավարարում եւս։ Այսինքն, պետական գրանցումների անվավեր ճանաչում։ Դրանով հայցվորը կարող է պահանջել միայն վնասի նյութական կամ ոչ նյութական հատուցում։ Իսկ եթե պետությունը նախապատվություն է տալիս, որ Կադաստրի կոմիտեից պետք է վնասի հատուցում պահանջի, դա արդեն իրենց իրավունքն է։ Եթե գտնում են, որ կա ոչ իրավաչափ վարչարարություն, որովհետեւ մենք վարչական դատավարությունում ենք, ոչ թե քաղաքացիա-իրավական, դա իրենց խնդիրն է։ Մեկը մյուսի բյուջեին թող գումար փոխանցի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գրողների միության շահերը ներկայացնող փաստաբան Լարիսա Բաղդասարյանը։

Դատարանը գնաց դատական ակտի հրապարակմանը, որը կլինի հոկտեմբերի 13-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment