Փաստաբան Զորայր Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը
Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործով առաջին ատյանի դատարանի՝ ավելի քան 300 էջից բաղկացած դատավճռի պատճառաբանվածությունը կասկածի տակ առնելու որևէ հիմք այս պահին չունենք։ Առավել ևս՝ որևէ հիմք չունենք կասկածի տակ դնելու այդ դատավճիռը կայացրած դատավորի մասնագիտական բարձր որակներն ու իրավական վերլուծության կարողությունները։
Միևնույն ժամանակ, առանց Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը ծանոթանալու անգամ, արդեն իսկ լուրջ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ նման բնույթի և ծանրության մեղադրանքով գործով դատական ակտ կարող է կայացվել գրավոր ընթացակարգով՝ առանց գործի հանգամանքների լիարժեք, անմիջական և բանավոր քննության։
Արդարադատության էությունը միայն դատական ակտ կայացնելը չէ։ Այն ենթադրում է դատարանի կողմից գործի հանգամանքների խորքային ուսումնասիրություն, կողմերի փաստարկների իրական քննարկում և դատական քննության այնպիսի կազմակերպում, որը կերաշխավորի արդար դատաքննության իրավունքի լիարժեք իրացումը։
Նման գործերով գրավոր ընթացակարգի կիրառումը, եթե այն չի ապահովում նշված երաշխիքները, ոչ միայն կասկածի տակ է դնում կայացված որոշման հիմնավորվածությունը, այլև խաթարում է արդարադատության բուն էությունը։
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կվիճարկվի Վճռաբեկ դատարանում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այդ փուլերում արդեն հնարավոր կլինի ստանալ որոշման իրավական հիմնավորումների լիարժեք գնահատականը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: