Համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում և Չարենցավանում՝ համախմբելով հայ և արտասահմանցի ճանաչված երաժիշտների
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացնի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնը, հայտնումեն ԿԳՄՍՆ-ից։
Համերգները կանցկացվեն Երևանում, Կապանում և Չարենցավանում՝ համախմբելով հայ և արտասահմանցի ճանաչված երաժիշտների։
Փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդյան օրը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ Այն կմեկնարկի հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին նվիրված համերգով՝ ժամը 19:00-ին:
Փառատոնի այս տարվա հրավիրյալ օտարազգի երաժիշտներն են Նորվեգիայում բնակվող և ստեղծագործող, միջազգային բեմերում մեծ ճանաչում վայելող սերբական ծագմամբ երգեհոնահար և դաշնակահար Միլկիցա Ռադովանովիչը, Շվեյցարիայից անվանի երգեհոնահար, կոմպոզիտոր և մանկավարժ Գի Բովեն, ճապոնացի անվանի երգեհոնահար Հիրոկո Ինոյեն։
Նախատեսված են համերգներ՝ նվիրված հայ կոմպոզիտոր և խմբավար Մակար Եկմալյանի ծննդյան 170-ամյակին և կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակին։
Փակման համերգը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ նվիրված Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ծննդյան 270-ամյակին։
Փառատոնը կանցկացվի ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային երաժշտության միջազգային փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունն ու մասնակիցների շրջանակը։ Ծրագիրը խթանում է Հայաստանում երգեհոնային կատարողական արվեստի զարգացումը՝ նպաստելով միջազգային մշակութային կապերի ամրապնդմանը և հայկական երգեհոնային արվեստի հանրահռչակմանն աշխարհում։