Տոնական տրամադրություն էր օրերս դասական երաժշտասերների շրջանում: Հայաստանյան իրականությունում երկրորդ համերգն էր, որ տավիղը ներկայանում էր որպես մենանվագ գործիք, այն էլ՝ տղամարդ երաժշտի կատարմամբ:
Հետաքրքիր է իմանալ, որ տավիղը դարեր շարունակ եղել է Իռլանդիայի քաղաքական խորհրդանիշը, Շոտլանդիայի թագավոր Հակոբ VI-ի, նույն ինքը՝ Անգլիայի թագավոր Հակոբ I-ի, թագավորական դրոշի վրա, և այդ ժամանակվանից ի վեր պատկերված է եղել Անգլիայի, Բրիտանիայի և Միացյալ Թագավորության բոլոր թագավորական դրոշներում: 1922 թվականից իռլանդական անկախ պետությունը շարունակել է օգտագործել այն որպես պետական խորհրդանիշ, որը պատկերված է Իռլանդիայի պետական կնիքի, զինանշանի, նախագահական դրոշի և նախագահական կնիքի վրա: Տավիղը պատկերվում է նաև իռլանդական մետաղադրամների վրա՝ սկսած միջնադարյան ժամանակներից մինչև ժամանակակից իռլանդական եվրո:
Վերադառնանք տավղի երաժշտության համերգին:
Նշենք, որ այս երաժիշտն առաջին անգամ հայաստանյան ունկնդրին ներկայացել է 2023 թ.՝ դերասանուհի Չուլպան Խամատովայի, Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Փոքրիկ երգիչներ» երգչախմբի, սաքսոֆոնահար Պավել Մելքոնյանի, խանգահար Իրինա Ավետիսյանի մասնակցությամբ:
Իսկ տավղահարը՝ միջազգային մրցույթների դափնեկիր, Zurich Harp Festival-ի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար, World Harp Day միջազգային նախաձեռնության հիմնադիր, կոմպոզիտոր, դիրիժոր և պրոդյուսեր 36-ամյա Ալեքսանդր Բոլդաչյովն է, որը դասական երաժշտության ավանդույթները միահյուսում է ռոքի, ջազային իմպրովիզի, կինոերաժշտության և էլեկտրոնային երաժշտության տարրերին:
Aravot.am-ը երաժշտի նախորդ այցի ժամանակի սղության պատճառով չհանդիպեց նրա հետ: Այս անգամ, թեև կարճ ժամանակով, բայց հանդիպեցինք «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած երեկոյից հետո:
Մինչ զրույցին անդրադառնալը, ընդհանուր գծերով ներկայացնենք տավղահարի հրաշալի համերգը, որը վերնագրված էր «Հայաստանի լարերը»՝ իր իսկ խոսքերով՝ հատուկ մենահամերգային ծրագիր, ստեղծված Երևանի համար՝ որպես երաժշտական ճանապարհորդություն հայկական հիշողությունից դեպի համաշխարհային մշակույթ:
Եվ այսպես. Ալեքսանդր Բոլդաչյովը համերգը սկսեց Կոմիտասի պոետիկ աշխարհով, որին հաջորդեցին Արամ Խաչատրյանի երաժշտության փայլն ու էներգիան, հետո՝ Առնո Բաբաջանյանի քնարականությունն ու Միքայել Թարիվերդիևի կինոերաժշտությունը: Այնուհետև Շառլ Ազնավուրի և Միշել Լեգրանի միջոցով ծրագիրը տեղափոխվեց շանսոնի, կինոյի, սիրո և հիշողության տարածք:
Նշենք, որ երեկոյի կենտրոնական մասը բացահայտում էր տավղի դասական երաժշտական աշխարհը: Այստեղ տավղահարն ընդգրկել էր Բախի դրամատիկ ճարտարապետությունը, Վիվալդիի էներգիան, Դակենի ֆրանսիական բնավորությունը, Շոպենի ռոմանտիզմը և Դեբյուսիի էներգիան: Դասական այս գծին հետևեց ռուսականը՝ Ռախմանինով, Չայկովսկի, Շոստակովիչ: Իսկ համերգի եզրափակիչ մասում բացահայտվեց տավղի՝ որպես առանց սահմանների ժամանակակից գործիք լինելը՝ John Lennon, Queen:
Ալեքսանդր Բոլդաչյովի հետ զրույցում պարզեցինք, որ նա 4 տարեկանից դաշնամուրի դասեր է առել մոր՝ Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Շարապովայի ղեկավարությամբ, իսկ արդեն 5 տարեկանից, հետագայում էլ՝ Սանկտ Պետերբուրգի երաժշտական քոլեջում, ապա Ռիմսկի-Կորսակովի անվան կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր, հայազգի Կարինա Մալեևայի դասարանում:
Մի ապշեցնող փաստ. վեցամյա տավղահար երեխայի համար հատուկ ստեղծագործել են կոմպոզիտորներ Սերգեյ Սլոնիմսկին, Ռոգալյովը, Բելովը, Ռադվիլովիչը: Ռուսաստանի քաղաքներում համերգներից հետո, 8 տարեկանում, առաջին անգամ նա մեկնում է արտասահման՝ մենահամերգի, ելույթ ունենում Լիտվայի պետական նվագախմբի ընկերակցությամբ:
«Ազգությամբ հայ պրոֆեսորիս, ում, կներեք, այս պահին հայկական ազգանունը չեմ կարող մտաբերել՝ Մալեև ամուսնու ազգանունն է, դասերին հաջորդեցին վարպետության դասերը հայազգի ճանաչված կոմպոզիտոր Միշել Լեգրանի տիկնոջ՝ տավղահարուհի Կատրին Լեգրանի ղեկավարությամբ՝ իրենց դղյակում, որտեղ մի քանի տարի միաժամանակ ապրել ու ուսանել եմ:
Իսկ ինչպե՞ս հայտնվեցի այնտեղ. 12 տարեկանում, արդեն ունենալով մրցույթների մասնակցության մեծ փորձ, մասնակցեցի Ցյուրիխում կայացած միջազգային մրցույթին, որի ժյուրին գլխավորում էր տիկին Կատրինը: Այդտեղից սկսվեց մեր ծանոթությունը, ինչը վերածվեց բարեկամության: 3 տարի անց էլ, 15 տարեկանում, տիկինը հրավիրեց ուսանելու տեղի Արվեստների համալսարան՝ իր դասարանում»,- հայտնեց տավղահարը:
Ի պատասխան մեր հետաքրքրության՝ ասաց, որ հայազգի երկու տավղահարուհիների հետ էլ է համագործակցել՝ Վրաստանում՝ Ասյա Վարոսյանի, Բուլղարիայում՝ Գոհար Անդոնյանի:
Ինչ վերաբերում է մշտապես իր համերգներում կոմիտասյան երկեր ներառելուն, փաստեց, որ այդ հարցում շնորհակալ է մորը, որը տասնամյակներ շարունակ, որպես կոնցերտմայստեր, համագործակցելով տարբեր երաժիշտների հետ, վաղուց է ճանաչել Կոմիտասին:
Բոլդաչյովը նաև ակտիվ մանկավարժական գործունեություն է ծավալում: Նա վարպետության դասեր է անցկացրել աշխարհի ավելի քան 50 կրթական հաստատություններում, այդ թվում՝ Ջուլիարդի, Բոստոնի, Շանհայի և այլն: Դասավանդում և համագործակցում է Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք բարձրագույն երաժշտական հաստատությունների հետ: Համերգներով և վարպետության դասերով հանդես է եկել 50 երկրում:
Արվեստագետի ստեղծագործական ժառանգությունն ընդգրկում է ավելի քան 300 երկ ու փոխադրություն տավղի համար: Ի դեպ, Ցյուրիխի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան՝ տավղի կատարողական արվեստի, կոմպոզիցիայի և դիրիժորության ուղղություններով: Համագործակցել է մի շարք աշխարհահռչակ երաժիշտների և արվեստագետների հետ՝ Մաքսիմ Վենգերով, Վադիմ Ռեպին, Աիդա Գարիֆուլինա, Սվետլանա Զախարովա, ինչպես նաև հանդես է եկել հեղինակավոր նվագախմբերի ընկերակցությամբ:
Երևանյան համերգից հետո տավղահարը վարպետության դաս է անցկացրել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Երևանի և Գյումրիի մասնաճյուղերի ուսանողների հետ: Այս առիթով երաժիշտն ասաց, որ տպավորված է թե՛ ուսանող տավղահարներից, և թե՛ տավղի դասարանի ղեկավար Զառա Հարությունյանից:
Միայն մի ցանկություն հայտնեց. «Ուսանողը պետք է լավ գործիքով դասերն անցկացնի: Հասկանում եմ, որ տավիղը թանկարժեք գործիք է: Կարծում եմ՝ հնարավոր է ձեռք բերել նորմալ գործիք՝ 30 000 եվրոյով: Ինչ խոսք, դա ուսանողի ուժերից վեր է, բայց համոզված եմ՝ Հայաստանի կառավարությունն ու բիզնեսմենները, որոնց ուշադրության ու հոգածության կենտրոնում բարձրակարգ ուսման ապահովումն է, կմտածեն այս ուղղությամբ ևս»:
Հավելեց նաև, թե իրեն ծանոթ չէ տավղի համար գրված հայ կոմպոզիտորի և ոչ մի ստեղծագործություն, ցանկություն հայտնեց՝ իր հաջորդ գալստյանը ծանոթանա այդ գործերին:
Մեր զրուցակցից չէինք կարող չհետաքրքրվել, թե աշխարհում ինչո՞ւ են հատուկենտ տղամարդ տավղահարներ: Ալեքսանդր Բոլդաչյովի պատասխանը հակիրճ էր. «Երաժշտական գործիքները չունեն սեռային տարբերություն, թեև այսօր աշխարհում տավղահարների 5-7 %-ն է տղամարդ»:
Վերջում փաստենք մի իրողություն՝ հայ կոմպոզիտորները տավիղը հաճախ են օգտագործել իրենց ստեղծագործություններում, բայց ընդամենը նրանցից մեկն է, որ ունի հատուկ այս գործիքի համար գրված երկ: Դա Վաչե Շարաֆյանն է՝ իր «Stanza» ստեղծագործությամբ, որը հնչել է Ռուսաստանի և Եվրոպայի քաղաքներում անվանի տավղահարուհի Վալենտինա Բորիսովայի կատարմամբ:
Սամվել Դանիելյան
Լուսանկարներում՝ տավղահարը Երևանի կոնսերվատորիայում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: