Պետական վերահսկողական ծառայության վերահսկողությամբ ուսումնասիրվել է օտարման ոչ ենթակա հողամասերի իրացման, ինչպես նաև հողամասերի նպատակային նշանակության փոփոխությամբ կադաստրային արժեքի նվազեցումից հետո օտարված հողատարածքների պետական գրանցման ոլորտում պետական մարմնի գործողությունների իրավաչափությունն ու հիմնավորվածությունը։
Կոտայքի մարզի Առինջ համայնքի վարչական սահմաններում գտնվող, ինժեներական ենթակառուցվածքով՝ 700 մմ տրամագծով մայրուղային գազատարով ծանրաբեռնված, օտարման ոչ ենթակա 16․17 հա հողատարածքն աճուրդով վաճառվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Ավիասերվիս» Հ/Ձ ՓԲ ընկերությանը։
Օտարման ոչ ենթակա հողատարածքի վաճառքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։
Խախտումներ են արձանագրվել նաև Առինջ համայնքում հողային պաշարների կառավարման, օգտագործման և տնօրինման գործընթացներում։
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության հիման վրա 2017 թվականին Առինջ համայնքի վարչական տարածքում գտնվող և համայնքի սեփականությունը հանդիսացող 11․2 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 36․29 հա բնակավայրերի նպատակային նշանակության և 28․96 հա այլ բարձրարժեք՝ ընդհանուր 8 միլիարդ 38 միլիոն 9 հազար 325 դրամ կադաստրային արժեքով հողերը փոխադրվել են ցածրարժեք՝ ընդհանուր 5 միլոն 160 հազար 509 դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության՝ արոտի կատեգորիայի։ Արդյունքում՝ կադաստրային արժեքը նվազել է 8 մլրդ 32 մլն 848 հազար 816 դրամով կամ շուրջ 99.94 տոկոսով։
Դրանից հետո, անտեսելով օրենսդրական պահանջը, համաձայն որի մեկ լոտով օտարվող հողամասի առավելագույն չափը չէր կարող գերազանցել 20 հեկտարը, նշված հողատարածքները համայնքի ղեկավարի որոշմամբ դրվել են աճուրդի։ Աճուրդների արդյունքում դրանք 21 միլիոն 533 հազար 157 դրամ գումարով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ին։
Գործարքները, սակայն, վերը նշված սահմանափակումների պատճառով իրավունքի պետական գրանցում չեն ստացել։ Բայց նոր աճուրդներ հայտարարելու փոխարեն փոփոխվել են նախկինում կայացած աճուրդների արձանագրությունների, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված և ուժի մեջ մտած համայնքի ղեկավարի որոշումների բովանդակությունները։
Այնուհետև, ենթադրյալ կեղծ փաստաթղթերի հիման վրա կնքվել են անշարժ գույքի աճուրդ-վաճառքի 4 պայմանագրեր, որոնց միջոցով ապահովվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և այն Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությանը փոխանցելու գործընթացը։
Փաստվող դեպքերի առթիվ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
ՀՀ պետական վերահսկողական ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: