Արցախի բռնի հայաթափման երրորդ տարելիցի առթիվ մի խումբ կազմակերպություններ, այդ թվում՝ «Արցախ Միությունը», հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ընդգծելով, որ ավելի քան 120,000 արցախահայության բռնագաղթը պատերազմի պատահական հետևանք չէր, և որ այդ ողբերգությունը ավարտված չէ։
Հայտարարության մեջ հիշատակվում է 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լաչինի (Բերձորի) միջանցքի իննամսյա շրջափակումը, որին հաջորդեց 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը սովի մատնված բնակչության դեմ։ Դրա հետևանքով Արցախի Հանրապետությունը լուծարվեց, իսկ բնակչությունը ստիպված լքեց հայրենիքը։ Չնայած 2023 թվականի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) կայացրած որոշմանը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել արցախցիների անվտանգ ու անխոչընդոտ վերադարձը, Բաքուն շարունակում է անտեսել այն՝ չկրելով որևէ պատասխանատվություն։
Կազմակերպություններն անդրադարձել են նաև Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու պաշտոնյաներին։ 2026 թվականի փետրվարին Ադրբեջանի դատարանը նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ևս 12 անձանց դատապարտեց 15 տարվա ազատազրկումից մինչև ցմահ բանտարկության, ինչը Amnesty International-ը որակել էր որպես «բացահայտ ծաղր»։
Հայտարարության հեղինակները շեշտում են, որ իրենց բաժին պատասխանատվությունն են կրում նաև Հայաստանի իշխանությունները։ Նրանց փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի առաջ մղած «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը դուրս է մղել Արցախի հարցը պաշտոնական խոսույթից, իսկ տեղահանվածները մատնվել են ծանր չքավորության։ Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Արցախի և «Իրական Հայաստանի» քաղաքականության հանդեպ այլախոհությունը քրեականացվում է, ինչի վառ օրինակն է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ պետական հեղաշրջման մեղադրանքով 344 օր անազատության մեջ անցկացնելը՝ նախքան 2026 թվականի հունիսին տնային կալանքի տակ անցնելը։
Ստորագրող կազմակերպությունները միջազգային հանրությանից պահանջում են․
– Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակում,
– ԱՄԴ որոշման կատարում և արցախցիների վերադարձի իրավունքի ապահովում,
– Հասցեական պատժամիջոցների կիրառում Ադրբեջանի պատասխանատուների նկատմամբ,
– Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանության միջազգային վերահսկողություն,
– ՀՀ կառավարության կողմից բռնի տեղահանվածների իրավունքների հարգում և քաղաքական հետապնդումների դադարեցում։