Բելգիայում հանդիսավորությամբ նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 21-ին Բելգիայի հեղինակավոր Cercle Royal Gaulois թագավորական ակումբի սրահներում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանական օրը։
Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:
ՀՀ ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը ներկա էին Բելգիայի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պաշտոնյաներ, Եվրամիության անդամ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ՆԱՏՕ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Բելգիայի հայ համայնքային կառույցների ղեկավարներ։
Միջոցառման պատվավոր հյուրերն էին Բելգիայի փոխվարչապետ, աշխատանքի, տնտեսության և գյուղատնտեսության հարցերով նախարար Դավիդ Կլարինվալը և Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով։
«Բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծել են Հայաստանի առանձնահատուկ դերը Բելգիայի, ինչպես նաև ԵՄ կառույցների հետ համագործակցության համատեքստում՝ մատնանշելով վերջին շրջանում գործընկերության և աջակցության առարկայական օրինակները։ Բելգիայի փոխվարչապետը և ԵՄ հանձնակատարը վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը Հայաստանին՝ հույս հայտնելով, որ հարաբերությունները կշարունակեն հետզհետե խորանալ՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ։
ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Բելգիա և Հայաստան-Եվրամիություն գործընկերային հարաբերությունների աննախադեպ նվաճումներին, առանցքային ձեռքբերումներին և հետագա քայլերին։ Դեսպանն ընդգծել է անկախ պետականության, ինքնիշխանության, օրենքի գերակայության և տնտեսության բազմազանեցման կարևորությունը, ինչպես նաև այս արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականության դերը՝ շեշտելով առկա մարտահրավերների ու կնճռոտ հարցերի լուծման հրամայականը։
ՀՀ դեսպանի բնորոշմամբ՝ այսօր Հայաստանն իր ուրույն ու անփոխարինելի տեղն է զբաղեցնում Եվրոպական միության ռազմավարական տեսլականի հորիզոնում, իսկ Բելգիայի Թագավորության հետ հարաբերություններն ապրում են աննախադեպ վերելք՝ ընդլայնելով բազմաշերտ գործընկերությունն անվտանգային և պաշտպանական ոլորտներում։
Դեսպան Բալայանը նկատել է, որ այսօր Հայաստանն ապրում է պատմական մի շրջափուլում, որը հայ ժողովրդին հնարավորություն է ընձեռում առաջնորդող դեր ստանձնել մի շարք կարևորագույն ոլորտներում, հետևողականորեն զարգացնել սեփական կարողությունները և ապահովել երկրի կայուն ու անվտանգ ապագան։
Տոնական երեկոն ամբողջացավ հայկական հարուստ խոհանոցի հյուրասիրությամբ, ազգային երաժշտության կատարումներով, հայկական արտադրանքի և Հայաստանի տեսարժան վայրերն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցադրություններով»,- ասվում է հաղորդագրությունում։