«Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը զուգահեռներ է անցկացրել Սեդրակ Քոչարյանի՝ կապարակնքված ձեռնարկությունների աշխատակիցներին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունների և ռազմագերիների հասցեին վերջինիս հնչեցրած խոսքերի միջև։
Սեպտեմբերի 23-ին կայացած ասուլիսի ընթացքում պատգամավորն արձանագրել է, որ Փաշինյանի համար կոշիկների մասին խոսակցությունները յուրօրինակ ֆետիշ են դարձել։ «Երբ Փաշինյանը կապարակնքված ձեռնարկությունների աշխատակիցներին ասում է «դիմացեք», ես հիշում եմ ռազմագերիների մասին նրա խոսքերը, թե գերիները կարող են սպասել մի քանի ամիս, մինչդեռ անցել են տարիներ»,- նշել է Վարդանյանը։
Նա ընդգծել է, որ քաղաքացիները դրան դիմանում են հանուն Ալիևի և Փաշինյանի։ «Ամենախոշոր շուկայի (ՌԴ – խմբ․) կորստից հետո նմանատիպ խնդրի առաջ են կանգնել նաև գյուղացիները։ Այս ամենը մեկ մարդու վարած քաղաքականության հետևանքն է։ Եթե իշխանությունները միանձնյա են որոշում ամեն ինչ՝ Կաթողիկոսից մինչև բիզնես, հերթը հասնելու է բոլորին։ Եթե ընթանում է ունեզրկում, եթե ատում են բոլոր նրանց, ովքեր ինչ-որ հաջողության են հասել, ապա դա ազդելու է բոլորի վրա»,- հայտարարել է Վարդանյանը։
Պատգամավորն ընդգծել է, որ Քոչարյանի կալանավորումը կապ չունի օրենքի հետ և թելադրված է բացառապես վրեժխնդրությամբ․ «Ո՛չ ժողովրդի կամ դատական համակարգի պահանջով, այլ միմիայն արտաքին քաղաքական օրակարգից ելնելով»,- հայտարարել է նա։ Վարդանյանի խոսքով՝ պատահական չէ, որ Ադրբեջանը բոլորովին վերջերս միջազգային հետախուզում հայտարարեց Դադիվանքից արժեքներ «հափշտակելու համար մեղավորների» նկատմամբ։ Եթե Ադրբեջանն անում է ամեն ինչ Հայաստանին որպես ագրեսոր ու ռազմական հանցագործ ներկայացնելու համար, ապա միաժամանակ պահանջում է, որ Արցախում հաղթանակի կերտողը ազատության մեջ չլինի․ արդյունքում՝ նախկին նախագահներից երեքը Բաքվի բանտում են, մեկը՝ Երևանի, հայտարարել է Վարդանյանը։