ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում իրանական պատվիրակությունը երեք ժամ տևած բանակցություններ է անցկացրել ԱՄՆ հատուկ բանագնաց Ստիվ Վիտկոֆի հետ։ Թրամփի փոխանցմամբ՝ առաջիկայում նախատեսվում է ևս մեկ հանդիպում։
Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, Վիտկոֆի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի միջև կայացած հանդիպումը, որն ընթացել է Կատարի դիվանագետների միջնորդությամբ, առաջին շփումն էր հունիսին Շվեյցարիայում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի պատվիրակության միջև ձեռք բերված փոխըմբռնման հուշագրից հետո։
The Guardian-ի տեղեկություններով՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում վերաբացել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցը, եթե Վաշինգտոնը համաչափ քայլեր ձեռնարկի՝ մեղմելու Իրանի նկատմամբ կիրառվող ռազմական ու տնտեսական ճնշումը։ Նախկինում Թեհրանը նեղուցի ապաբլոկավորման համար նախապայման էր դրել ԱՄՆ-ի կողմից «բոլոր ճակատներով» պատերազմի և պատժամիջոցների ամբողջական դադարեցումը, սակայն նոր դիրքորոշումը ենթադրում է այդ պահանջների զգալի մեղմացում։ Ըստ պարբերականի աղբյուրների՝ այս մոտեցումը հաստատվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեիի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի կողմից, թեև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ կանգնած որոշ շրջանակներ հերքում են զիջումների փաստը։
ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած ելույթում Դոնալդ Թրամփը Իրանն անվանել է «Մերձավոր Արևելքի բռնկիչն ու համար առաջին ահաբեկչական կազմակերպությունը», ինչի պատճառով իրանական պատվիրակությունը լքել է դահլիճը։ Այնուամենայնիվ, Թրամփը նշել է, որ կանգնած է մեծ ընտրության առջև՝ կա՛մ հասցնել Իրանին ռազմական կործանման, կա՛մ նրան հնարավորություն տալ դառնալու մեծ երկիր․ «Կան երկու տարբերակներ․ մեկը կարող է շատ վատ բան լինել, իսկ մյուսը կարող է տանել դեպի առաջընթաց»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ ակնկալում է համաձայնագրի կնքում ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։
Միևնույն ժամանակ, The Guardian-ը նշում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում թեժ քննարկումների թեմա է դարձել նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Գազան անվանելով «աշխարհի ամենամեծ գերեզմանոցն ու ժամանակակից համակենտրոնացման ճամբարը», Իսրայելին մեղադրել է ցեղասպանական քաղաքականության մեջ, ինչի պատճառով իսրայելական պատվիրակությունը լքել է դահլիճը։ Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ն իր հերթին հայտարարել է, որ Արևմտյան ափին Իսրայելի գործողությունները հանդիսանում են պաղեստինցիների բռնի տեղահանման միասնական քաղաքականություն, ինչը պատերազմական հանցագործություն է։ Ծոցի ութ երկրների արտգործնախարարները նույնպես կոչ են արել Իսրայելին անհապաղ կատարել Գազայում հրադադարի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։