Ադրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների չվերթները՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով

Քաղաքականություն

23.09.2026 | 12:30

Իրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան և հակառակ ուղղությամբ դադարեցվել են։ Այս մասին  ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են «Ադրբեջանական ավիաուղիներ»-ից (AZAL):

«Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթի, մասնավորապես, ավիացիոն ոլորտի հետ կապված կիրառվող պատժամիջոցների պատճառով որոշում է  կայացվել 2026 թվականի սեպտեմբերի 22-ից դեպի Ադրբեջան չվերթներ իրականացնող իրանական ավիաընկերությունների թռիչքները դադարեցնելու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Economic Outcast գործողության շրջանակում սահմանափակումների մասին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին սեպտեմբերի 8-ին։ Պատժամիջոցների տակ է հայտնվել, ընդհանուր առմամբ, 36 սուբյեկտ՝ «Իրանի ավիացիոն ոլորտին աջակցելու համար, որն իշխանություններն օգտագործում են զենք, անձնակազմ և ապօրինի բեռներ տեղափոխելու նպատակով»։

Դրանց թվում են իրանական 27 առևտրային ավիաընկերություններ՝ Air Shiraz, Asa Jet Airline, Ata Airlines Company, Atlas Aviation Group, Ava Airlines, Fly Kish Airlines և այլն։ Իրանական ընկերություններից բացի՝ պատժամիջոցների ցանկում ներառվել են երրորդ երկրների իրավաբանական անձինք, որոնք նպաստում են իրանական ավիաընկերությունների գործունեությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment