Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին

Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին

Կառավարությունը 270․7 մլն դրամի հարկային արտոնություն է տալիս ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին: Այս հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի չզեկուցվող հարցերի շարքում:

Ըստ Կառավարության հիմնավորման՝ ընկերությունը նախատեսում է ներմուծել 215 մլն դրամի սարքավորումներ և 656․9 մլն դրամի հումքի լրացուցիչ խմբաքանակ։ Իրականացվող լրացումների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 4․3 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 270․7 մլն դրամ:

Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

«Ջերմուկ գրուպ»-ը հիմնադրվել է 1996 թվականին, հիմնադիրը Աշոտ Արսենյանն է։ Հիշեցնենք, որ Աշոտ Արսենյանն առաջիններից էր, որ 2018 թվականին լքեց ՀՀԿ-ի շարքերը։ Իշխանափոխությունից հետո նրա որդին՝ Վահագն Արսենյանը, 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար, իսկ հիմա Վահագն Արսենյանը զբաղեցնում է Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը:

Leave a comment