Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկմանը, պատասխանելով ՀՀ և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և դրա արդյունքում ստեղծվող հնարավորություններին, ասել է, որ ներկայումս աշխատանքները կենտրոնացած են TRIPP նախագծի իրականացման վրա:
«Այն նոր դարաշրջան կբացի մեր երկրի և տնտեսության համար»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդպիսով կյանքի է կոչվում նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Այնուհետև երկրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ արհեստական բանականության բնագավառում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԱՄՆ-ի հետ նախորդ տարվա օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի արդյունքում մեկ տարվա ընթացքում Հայաստանում ստեղծվել են արհեստական բանականության երեք կենտրոն, որոնցից երկուսը մեծածավալ ներդրումային ծրագրեր են։
Վարչապետը խոսել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված զարգացումների մասին՝ նշելով, որ այդ բնագավառը Հայաստանում հաջողությամբ զարգացել է և դարձել տնտեսության կարևոր բաղադրիչներից մեկը։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ խաղաղության հաստատման պայմաններում Հայաստանի ներդրումային գրավչությունը հետևողական աճ է գրանցելու։
Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև էներգետիկ ոլորտում ինքնաբավության հասնելու հնարավորություններին, կուտակիչ կայանների ստեղծմանը և նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին վերաբերող հարցերին։
Անդրադառնալով ԱՄՆ-ի և Եվրոպական միության հետ հարաբերություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու ուղղություններով էլ ռազմավարական գործընկերություն է հաստատվել և ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է խորացնել հավասարակշռված և հավասարակշռման իր արտաքին քաղաքականությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը։ Փաշինյանն ԱՄՆ-ում է աշխատանքային այցով՝ նա մասնակցելու է ՄԱԿ-ի ԳՎ 81-րդ նստաշրջանի աշխատանքներին և ելույթ է ունենալու նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։