ԱՄՆ-ում օրինագիծ են մշակել արհեստական բանականության նախարարություն ստեղծելու մասին

ԱՄՆ սենատոր Բեռնի Սանդերսը և Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Գրեգ Կասարը չորեքշաբթի կներկայացնեն արհեստական բանականության հետագա զարգացումը կարգավորող օրինագիծ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը (AP)։

Գործակալության տվյալներով՝ օրինագիծը նախատեսում է ստեղծել արհեստական բանականության նախարարություն և արգելել «արհեստական գերբանականության» ստեղծումը։

AP-ն, որը ծանոթացել է օրինագծի տեքստին, հայտնում է, որ փաստաթուղթը նաև պահանջում է «կասեցնել արհեստական բանականության առավել առաջադեմ համակարգերի մշակումը, մինչև նոր գերատեսչությունը՝ արհեստական բանականության նախարարությունը, դաշնային մակարդակով սահմանի անվտանգության ապահովման կանոնները»։

Գործակալությունը նշում է, որ նախաձեռնությանը աջակցություն են հայտնել ԱԲ ոլորտի առաջատար ընկերությունների բազմաթիվ աշխատակիցներ։

«Պետք չէ հանճար լինել՝ ասելու համար. «Դանդաղեցրե՛ք»։ Արդյո՞ք մենք իսկապես ցանկանում ենք ստեղծել գերբանականություն, որը, մարդուց ավելի խելացի դառնալով, կկարողանա գործել մարդու վերահսկողությունից անկախ», — AP-ին տված հարցազրույցում ասել է Սանդերսը։

Վերջին շաբաթներին ԱՄՆ-ում ակտիվորեն քննարկվում է ԱԲ-ի հետագա մշակումը դանդաղեցնելու և համոզվելու անհրաժեշտությունը, որ տեխնոլոգիան սպառնալիք չի ներկայացնում մարդկության համար։ Մասնավորապես, նման միջոցառումների օգտին են արտահայտվել ոլորտում գործող ամերիկյան խոշորագույն ընկերությունների ղեկավարները։ Նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ արհեստական բանականությունը սպառնալիք չի համարում։

Շաբաթ օրը նա հայտարարել է հատուկ կառույց՝ «արհեստական բանականության ուժեր», ձևավորելու մտադրության մասին, որը կմասնակցի ոլորտի հետագա զարգացմանն առնչվող հարցերի լուծմանը։

Leave a comment