Հայաստանի և Չինաստանի միջև ուղևորների և բեռների փոխադրումների համաձայնագիր է ստորագրվել

Բաժանորդագրվել

Երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները նշել են, որ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է՝ ուղղված Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության գործնական իրագործմանը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև այսօր ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ՏԿԵՆ տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

«Համաձայնագրով կանոնակարգվում է երկու երկրների միջև արտաքին առևտրային կապերի զարգացման համար հուսալի և բարձրարդյունավետ միջազգային ճանապարհային փոխադրումները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ղալեչյանն ընդգծել է, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ստորագրված ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը ևս մեկ կարևոր քայլ է երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ։

Երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները նշել են, որ համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է՝ ուղղված Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության գործնական իրագործմանը։

Նշենք, որ ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Պեկինում՝ Չինաստանի տրանսպորտի նախարարության կողմից հյուրընկալված Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքին նվիրված բարձր մակարդակի հանդիպման շրջանակում:

Leave a comment