Իրանի և Ուկրաինայի ճգնաժամերը բացահայտել են դիզելային վառելիքի մատակարարումներում աշխարհի կախվածությունը Մերձավոր Արևելքից և Ռուսաստանից, գրում է The Wall Street Journal-ը։
Դիզելային վառելիքի գները կտրուկ աճում են․ այս ամիս ԱՄՆ-ում դրանք առաջին անգամ գերազանցել են մեկ գալոնի դիմաց 6 դոլարը և շարունակում են աճել՝ հասնելով 6.45 դոլարի։ Այս թռիչքը անհանգստացրել է աշխարհի կառավարություններին և շուկաներին, որոնք դիզելային վառելիքից կախված են որպես իրենց արդյունաբերության, տրանսպորտի և գյուղատնտեսության հիմնական վառելիքից։ WSJ-ի տվյալներով՝ վառելիքի դեֆիցիտ է առաջացել Բրազիլիայի գյուղական շրջանների, Լիբիայի և աֆրիկյան որոշ երկրների լցակայաններում, որոնք չեն կարող իրենց թույլ տալ այդ վառելիքի ներկրումը։
Հորմուզի նեղուցում մատակարարումների խափանումները և Ուկրաինայի հակամարտությունը խաթարել են առևտրային հոսքերը, արձանագրում է հրատարակությունը։ WSJ-ի փոխանցմամբ՝ Քուվեյթը, ԱՄԷ-ն և Իրաքն արդեն ստիպված են եղել կտրուկ կրճատել դիզելի արտահանումը։ Վերջին շաբաթներին հութիների հարձակումները սահմանափակել է Սաուդյան Արաբիայի արտահանումը Կարմիր ծովի ափին գտնվող նավթավերամշակման գործարաններից՝ հարված հասցնելով Հորմուզի նեղուցը շրջանցող երկրի գլխավոր երթուղուն։
Փաստացի, Պարսից ծոցում արգելափակված դիզելի ծավալը մոտ երեք անգամ գերազանցում է ռուսական մատակարարումների այն ծավալը, որը դուրս է մնացել շուկայից՝ Իրանում պատերազմի սկսվելուց առաջ ընկած ժամանակահատվածի համեմատ, վկայում են Միջազգային էներգետիկ գործակալության տվյալները։
Փետրվարին ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը Իրանի վրա տեղի ունեցավ Մերձավոր Արևելքում նավթավերամշակման գործարանների լայնածավալ կառուցման տասնամյակից հետո, ընդգծում է WSJ-ը։ Հրատարակության տվյալներով՝ տարածաշրջանի ազգային նավթային ընկերությունների իրականացրած այս նախագծերը 2017-2025 թվականներին ավելի քան կրկնապատկել են Մերձավոր Արևելքից դիզելի արտահանումը։ Այդ ժամանակահատվածում տարածաշրջանին բաժին էր ընկնում համաշխարհային արտահանման 19%-ը։
Ռուսաստանը նույնպես ավելացնում էր դիզելի արտադրությունը, սակայն ոչ թե նոր նավթավերամշակման գործարաններ կառուցելու, այլ գործող ձեռնարկությունները արդիականացնելու հաշվին։ 2017-2023 թվականներին արտահանումն աճել էր մեկ երրորդով, երբ Ուկրաինան անօդաչու թռչող սարքերի հարվածներով սկսեց շարքից հանել ռուսական նավթավերամշակման հզորությունները։
Նավթավերամշակման գործարաններում խոշոր ներդրումները ունեցել են նաև կողմնակի ազդեցություն․ դրանք ուժեղացրել են ԱՄՆ-ում և Եվրոպայում նավթավերամշակման մարժաների վրա ճնշումը։ Արևմտյան նավթային ընկերությունները գրեթե 30 տարի նոր նավթավերամշակման գործարաններ չեն կառուցել, իսկ 2015 թվականից ի վեր ԱՄՆ-ում և Եվրոպայում փակվել է ավելի քան մեկ տասնյակ նման օբյեկտ։
Արևմուտքի նավթավերամշակման գործարաններն աշխատում էին իրենց առավելագույն հզորությամբ և վերակողմնորոշվում էին դեպի դիզելի արտադրություն՝ ի վնաս նավթամթերքի այլ տեսակների՝ բենզինի և ավիացիոն վառելիքի։ Սակայն դա քիչ է օգնել լրացնելու Մերձավոր Արևելքի և Ռուսաստանի թողած բացը։
Իրանում և Ուկրաինայում հակամարտությունների պատճառով ԱՄՆ-ն մնացել է դիզելային վառելիքի և նավթավերամշակման այլ արտադրատեսակների միակ խոշոր արտադրողը, սակայն այժմ թափ է հավաքում վառելիքի արտահանումն արգելելու գաղափարը՝ միջանկյալ ընտրություններից առաջ գները նվազեցնելու նպատակով։
ԱՄՆ-ում նման արգելքն, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ամբողջ աշխարհում գների կտրուկ աճի և, հնարավոր է, կստիպի դիզելի մյուս խոշոր արտահանողներին՝ այդ թվում Չինաստանին և Հնդկաստանին, հետևել այդ օրինակին։ Ռուսաստանն արդեն կտրուկ սահմանափակել է արտահանումը՝ իր նավթավերամշակման գործարաններին հասցված վնասի պատճառով։
«Մենք ականատես ենք լինում դիզելային վառելիքի շուկայի ձևավորմանը, որն ավելի խիստ է, քան երբևէ նախկինում», – հայտարարել են ՄԷԳ-ից։