ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC News-ին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ՄԱԿ-ի շրջանակում հանդիպել Իրանի հետ, գրում է Al Jazeera-ն։
«Մենք բաց ենք դրա համար։ Չեմ կարծում, որ այս պահին որևէ հանդիպում նախատեսված է, սակայն, իհարկե, պատրաստ ենք նման հանդիպման, հատկապես, եթե այն դրական արդյունքի հասնելու և այս ամենի հիմնական նպատակը իրագործելու հեռանկար ունի: Իսկ նպատակն այն է, որ Իրանը երբեք չպետք է ունենա միջուկային զենք։ Նրանք պարզապես չեն կարող դա ունենալ»,- հավելել է Ռուբիոն։
Նա Վաշինգտոնի՝ Իրանի նկատմամբ ավելի լայն մոտեցման մասին առանձին մանրամասներ է ներկայացրել։
«Դուք երբեք չեք փակում համաձայնությունների կամ դիվանագիտության դուռը, քանի որ երբեմն համակարգում փոփոխություններ են տեղի ունենում։ Գուցե համակարգը փոխվի։ Գուցե ներսում ինչ-որ բան տեղի ունենա, կամ նրանք որոշ ժամանակով պրագմատիկ որոշում կայացնեն, որ իրենց համար ավելի շահավետ է դիվանագիտությունը»,- ասել է Ռուբիոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի Fox News-ին հայտնել էր, որ, «հավանաբար», պատրաստ կլինի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Թրամփն ու Փեզեշքիանն այս շաբաթ նախատեսում են մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի աշխատանքներին։ Սա առաջին դեպքն է, երբ երկու առաջնորդները ներկա կլինեն նույն միջոցառմանը՝ այն բանից հետո, երբ Թրամփը փետրվարին Իրանի դեմ ռազմական գործողություն սկսեց։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը երեքշաբթի առավոտյան Թեհրանից մեկնել է Նյու Յորք, չի հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ Իրանցի պաշտոնյան Reuters-ին ասել էր, որ Վաշինգտոնի հետ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնագրի մանրամասները կարող են քննարկվել Նյու Յորքում՝ միջնորդների միջոցով՝ պարզաբանելով, որ Թեհրանի առաջարկը միջնորդների միջոցով ԱՄՆ-ին է փոխանցվել սեպտեմբերի 16-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի