Երևանի և Սոֆիայի օպերային թատրոնները համագործակցության նոր փուլ են սկսում
Սեպտեմբերի 22-ին Երևանում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Ալշ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի միջև, հայտնում են օպերային թատրոնից։
Համաձայնագիրը ստորագրել են Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը և Սոֆիայի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր տնօրեն Փլամեն Կարտալոֆը։
Փաստաթուղթը հիմք կդնի մշակութային հաստատությունների միջև երկարաժամկետ և համակարգված համագործակցության զարգացման համար՝ ընդգրկելով մասնագիտական փորձի ու տեղեկատվության փոխանակում, համատեղ նախաձեռնություններ, մշակութային ծրագրերի իրականացում և երկու թատրոնների ստեղծագործական կապերի ընդլայնում։
Համաձայնագրի շրջանակում կողմերը նախատեսում են կազմակերպել երկկողմ հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, աջակցել միմյանց նախաձեռնած մշակութային միջոցառումներին, ինչպես նաև իրենց ներկայացումներում և այլ նախագծերում ներգրավել գործընկեր թատրոնի ներկայացուցիչներին։
Համագործակցության համաձայնագիրը հնարավորություն կընձեռի առավել ակտիվացնել Երևանի և Սոֆիայի օպերային թատրոնների միջև ստեղծագործական և մասնագիտական կապերը՝ միաժամանակ նպաստելով Հայաստանի և Բուլղարիայի միջև մշակութային երկխոսության և միջազգային համագործակցության զարգացմանը։
Ստորագրման արարողությանը ներկա է եղել Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը: