ՆԳՆ-ից հիշեցնում են, որ կեղծ ալկոհոլային խմիչքը կարող է վտանգել մարդու առողջությունը։
Առաջին դեպքը բացահայտվել է սեպտեմբերի 14-ին Քանաքեռ-Զեյթունում։ Ոստիկանության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Քանաքեռի փողոցի 51-ամյա բնակիչը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում և իրացնում է ոգելից խմիչքներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվել է զննություն բնակչի ավտոտնակում, որտեղ հայտնաբերվել են օղիով և կոնյակով լցված 10-լիտրանոց տարաներ, 12 շիշ օղի, օղու դատարկ շշեր, խցաններ, ակցիզներ։
Եվս մեկ դեպք էլ բացահայտվել է Արմավիրի Բամբակաշատ գյուղում, որտեղ 62-ամյա բնակիչը, կրկին առանց համապատասխան թույլտվության, իրացնելու նպատակով պատրաստում էր կեղծ օղիներ։ Տղամարդու տան և կից օժանդակ շինության զննությամբ հայտնաբերվել է առանց ակցիզի 92 շիշ օղի։
Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։
ՆԳՆ-ն հիշեցնում է, որ կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու և իրացնելու դեպքում կարող է վտանգվել մարդկանց առողջությունը: