Երևանի և Սյունիքի մաքսային-լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն LEED կանաչ չափանիշներով

ՊԵԿ-ը Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրում նախատեսում է կիրառել միջազգային LEED կանաչ շինարարության չափանիշները։ Կենտրոնների համար նախատեսվում է ապահովել առնվազն LEED Silver մակարդակի հավաստագրում, իսկ գործընթացին աջակցելու համար ներգրավվել է միջազգային խորհրդատու։

ՊԵԿ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Պետական եկամուտների կոմիտեն իրականացնում է Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է նոր ենթակառուցվածքները համապատասխանեցնել միջազգային կանաչ շինարարության չափանիշներին և ապահովել դրանց Leadership in Energy and Environmental Design (LEED) հավաստագրումը։

Նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով ՊԵԿ-ը ներգրավել է մասնագիտացված միջազգային խորհրդատու՝ CES Clean Energy Solutions GesmbH / iC consulenten LLC համատեղ ձեռնարկությանը, որը տեխնիկական աջակցություն կտրամադրի LEED կանաչ շենքերի հավաստագրման համակարգի պահանջների ներդրման և համապատասխան հավաստագրերի ստացման գործընթացում։

Պետական եկամուտների կոմիտեի և CES Clean Energy Solutions GesmbH / iC consulenten LLC համատեղ ձեռնարկության միջև ստորագրվել է պայմանագիր, ըստ որի, խորհրդատուն ներգրավված կլինի ծրագրերի իրականացման ամբողջ ընթացքում՝ ապահովելով LEED պահանջների հետևողական կիրառումը։ Աշխատանքների շրջանակում կգնահատվեն և, անհրաժեշտության դեպքում, կկատարելագործվեն նախագծային լուծումները՝ հաշվի առնելով էներգաարդյունավետության, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, վերականգնվող էներգիայի կիրառման, բնական լուսավորության և ներքին միջավայրի որակի ապահովման, շինարարական նյութերի ու ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների կառավարման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման պահանջները։ Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների համար նախատեսվում է ապահովել առնվազն LEED Silver կամ ավելի բարձր մակարդակի հավաստագրում։ Խորհրդատուն աջակցելու է նախագծային և շինարարական լուծումների՝ LEED չափանիշներին համապատասխանեցմանը, ինչպես նաև հավաստագրման գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստմանը և ներկայացմանը։

Ծրագրի իրականացմամբ նախատեսվում է ձևավորել ժամանակակից, էներգաարդյունավետ և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մաքսային և լոգիստիկ ենթակառուցվածքներ՝ միջազգային կանաչ շինարարության չափանիշներին համապատասխան։

Միջազգային խորհրդատուի ներկայացուցիչների՝ ՊԵԿ կատարած այցի շրջանակում անցկացվել են աշխատանքային հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ։ Միաժամանակ նախատեսվում է նաև նրանց այցը Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար նախատեսված տարածք՝ LEED պահանջների կիրառման հնարավորությունների նախնական գնահատման նպատակով»։

Leave a comment