«Հիմա անընդհատ խոսվում է Տիգրանաշենի մասին, բայց մինչև Տիգրանաշենը հանձնելը՝ ՀՀ իշխանությունը պատրաստվում է նոր տարածքներ հանձնել Տավուշի մարզում»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ բանախոսի՝ միակողմանի զիջումները չեն կանգնեցնում Ադրբեջանին, այլ, հակառակը, նոր պահանջների հող են նախապատրաստում։ Իշխան Սաղաթելյանի գնահատմամբ՝ գործող իշխանության քայլերը թուլացնում են Հայաստանի սահմանների պաշտպանունակությունը և ինքնիշխանությունը։ Նա կոչ է անում չվստահել իշխանության խաղաղության օրակարգին, քանի որ դա, նրա գնահատմամբ, տանում է նոր կորուստների։
Իսկ Տիգրանաշենը հանձնելով՝ ինչպես ընդդիմադիր գործիչն է պնդում, պատերազմը ոչ թե հեռացնում ենք, այլ մոտեցնում։
Այս ամենին դիմագրավելու համար ընդդիմության միավորմանը նա այլընտրանք չի տեսնում։ Համախմբումը պետք է տեղի ունենա, իսկ այն ուժերը, որոնք խուսափում են համախմբումից, իր պնդմամբ, գոնե հոդաբաշխ բացատրություն պետք է ներկայացնեն։
Մանրամասները՝ տեսանյութում՝
«ՀՀ իշխանությունը շարունակում է լվանալ Ալիևի արյունոտ ձեռքերը, իսկ միջազգային հանրությունն էլ լռում է կամ բավարարվում է միայն հայտարարություններով։ Այս իրավիճակում մեր հիմնական խնդիրը պետք է լինի երկրի անվտանգության և ինքնիշխանության պաշտպանությունը։ Երբ երկրի ներսում չկա միասնականություն և հստակ դիրքորոշում, արտաքին թշնամին օգտվում է այդ թուլությունից։ Բանակցային գործընթացում զիջումները չեն բերելու խաղաղության․ դրանք միայն նոր պահանջներ են ծնում Ադրբեջանի կողմից։ Յուրաքանչյուր հետքայլ ավելի է մեծացնում սպառնալիքը Հայաստանի սահմանների նկատմամբ»,— հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Պատասխանելով Բաքվի հնչեցրած մեղադրանքներին՝ Դադիվանքի ու Գանձասարի մշակութային ժառանգության (որմնանկարներ, խաչքարեր) վերաբերյալ՝ ընդդիմադիր գործիչն ասաց, որ իշխանության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը զոհի կարգավիճակից վերածվում է «ագրեսորի»։ Ադրբեջանի նպատակը հայկական պատմամշակութային հետքը վերացնելն է՝ էթնիկ զտումների պատասխանատվությունից խուսափելու և Արցախում իրականացված գործողությունները լեգիտիմացնելու համար․ «ՀՀ իշխանությունը շարունակում է լվանալ Ալիևի արյունոտ ձեռքերը»։
Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Հայ Առաքելական Եկեղեցու «ճգնաժամի» վերաբերյալ զեկույցի պատրաստման և հնարավոր քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին հարցին, ինչպես նաև «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը՝ դրան մասնակցելու վերաբերյալ, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դաշինքում հարցը դեռ պաշտոնապես չի քննարկվել, սակայն անձնական տեսանկյունից՝ նման «հակաօրինական» հանձնաժողովներին մասնակցելու ցանկություն չկա։ Նա հիշեցնում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող նախորդ քննիչ հանձնաժողովի փորձը, որի զեկույցն այդպես էլ օրակարգ չմտավ։
Մանրամասները՝ տեսանյութում՝
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: