Քաղաքականություն
22.09.2026 | 11:54
Սեպտեմբերի լույս 22-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Սամարային։ Կույբիշևի նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, գրում է Astra-ն, որն ուսումնասիրել է ականատեսների լուսանկարներն ու տեսանյութերը, գրում է Meduza-ն։
Սամարայի մարզի ղեկավար Վյաչեսլավ Ֆեդորիշչևը տելեգրամում հայտնել է, որ ՀՕՊ ուժերը խոցել են «տասնյակ անօդաչու թռչող սարքեր»։
«Թշնամին թիրախավորել էր արդյունաբերական ձեռնարկությունները»,- գրել է նա՝ չանդրադառնալով Կույբիշևի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհին։
Ֆեդորիշչևը հայտարարել է, որ վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ մասնավոր տներ և ավտոմեքենաներ։ Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Կույբիշևի նավթավերամշակման գործարանը Պովոլոժիեի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է։ Այն Նովոկույբիշևի և Սիզրանի նավթավերամշակման գործարանների հետ միասին մտնում է «Ռոսնեֆտի» Սամարայի նավթավերամշակման հանգույցի մեջ։ Այս երեք ձեռնարկությունները նախկինում նույնպես ենթարկվել են ուկրաինական անօդաչուների հարձակումների և դադարեցրել աշխատանքը։
ՌԴ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում ՌԴ ՀՕՊ ուժերը «որսացել և ոչնչացրել են» ինքնաթիռային տիպի 297 անօդաչու թռչող սարք 14 շրջանների, այդ թվում՝ Սամարայի մարզի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի տարածքում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի