Ցանկանում ենք հավատալ, որ ՀՀ քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել «եվրաինտեգրացիոն» արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց այժմ ներքաշում են. Մասլեննիկով

Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Եվրոպական հիմնախնդիրների դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը ցանկացած դեպքում մնում է [Հայաստանի] քաղաքացիների ձեռքում։ Այս առումով ցանկանում եմ հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել «եվրաինտեգրացիոն» արկածախնդրության վտանգը, որի մեջ նրանց այժմ ներքաշում են», – ասել է նա։

Ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում Վլադիսլավ Մասլեննիկովը նշել էր, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը Հայաստանի համար մեծ ծախսերի կհանգեցնի:

«Այն, որ եվրասիական ինտեգրումից հրաժարվելն անխուսափելիորեն Երևանի համար կապված կլիներ հսկայական տնտեսական և սոցիալական ծախսերի հետ, Եվրամիությանը քիչ է մտահոգում», – ասել էր նա:

«2025 թվականի մարտին հանրապետության խորհրդարանն ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը։ Այս տարվա օգոստոսի վերջին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է մոտ ապագայում ԵՄ անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնելու ծրագրերի մասին։

Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ Հիմնական թեմաներից մեկը Երևանի՝ եվրոպական միությանն անդամակցելու ծրագրերն էին։ Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է, և կրկին կոչ է արել հանրապետությունում հանրաքվե անցկացնել՝ այս հարցը փակելու համար։

Հանդիպման արդյունքներով Պուտինը Փաշինյանին հրավիրել է Մոսկվա՝ երկու երկրների փոխգործակցության կոնկրետ հարցերը քննարկելու համար», – նշել է ՌԻԱ Նովոստին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment