Ազատ, անկախ Հա–յաս–տան․ ազա՞տ, անկա՞խ

Հետաքրքիր է, որ երբ անկախության գործընթացն էր ընթանում, չէին գոռում «Անկախ Հայաստան», այլ՝ «Ազատ և անկախ Հայաստան»։ Այսօր ընթերցում էի քիչ թե շատ իրար նման վեհ կամ հուսադրող և պայքարի մղող հայտարարությունները, և կարծես թե բոլորը նույն գրասենյակում և նույն մարդու կողմից գրված լինեն։ Նույն կոչերը, նույն փառաբանությունները, նույնը, նույնը, նույնը․․․ Եվ դրա համար էլ մեր վիճակը դարեր ի վեր մնում է նույնը, նույնը, նույնը․․․

Չենք սիրում կոմֆորտ զոնան լքել։ Ինչ-որ ձև գտել է մեկն ինչ-որ քաղաքական դերակատարում, ու նա դրանով բավարարվում է, ու տարիներ ի վեր նույն ճառերն է ասում, նույն հայտարարություններն է անում՝ մի երկու ստորակետ այս կողմ ու այն կողմ դնելով։

Սա է մեր քաղաքական էլիտան միշտ եղել, բացառությամբ մինչև 1996–1997 թթ․, երբ դեռ ինտելեկտուալներն արժևորվում էին, երբ դեռ մարդիկ թերթ էին կարդում և հասկանում էին իրենց կարդացածը, երբ ինտելեկտուալի համար բիզնեսմենը դեռևս հանդիսանում էր չարչի և ոչ թե ձեռներեց, առավել ևս՝ ոչ հերոս։ Իհարկե, դա իր բնույթով սխալ մոտեցում էր՝ բիզնեսմենին սպեկուլյանտ կամ չարչի վիրավորական ձևով դիտարկելը, բայց խոսքն այստեղ այն մասին է, որ իսկապես ընտրող հասարակության որակը բարձր էր, որի պատճառով էլ ինտելեկտուալ քաղաքական գործիչները, այսպես ասած, մոդայի մեջ էին, իսկ հասարակության որակը բարձր էր, որովհետև կարդում էին, կարդում ու հասկանում, որովհետև դուրս էին եկել համաշխարհային մակարդակում լավագույն կրթական համակարգերից մեկից՝ խորհրդայինից։ Ես երևի թե վերջին մարդը կլինեմ մոլորակի վրա, ում կարելի է կոչել պրոռուսական կամ, առավել ևս, պրոխորհրդային, բայց փաստերը համառ են․ հայ ժողովրդի կրթական մակարդակը և ինտելեկտուալ որակը շատ բարձր էին խորհրդային տարիներին։

Ինչևիցե․ ինչո՞ւ ազատ, անկախ և ոչ թե միայն անկախ։ Հետաքրքիր է, որ կան երկրներ, որոնք երկու տոներն էլ ունեն։ Մալթան մեկ տոնում է Անկախության օրը՝ մեր պես սեպտեմբերի 21-ին, երբ դադարեց լինել բրիտանական գաղութ, իսկ Ազատության օրը՝ մարտի 31-ին, երբ բրիտանական ռազմաբազան դադարեց գոյություն ունենալ։ Իսկ Պորտուգալիան նշում է Ազատության օրը՝ ապրիլի 25-ին, երբ Էստադո Նովոյի բռնապետական կարգերը տապալվեցին, իսկ Անկախության վերականգնման օրը՝ Իբերական միությունից, դեկտեմբերի 1-ին։ Կան, որոնք միայն Ազատության օրն են նշում, օրինակ՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունը ապրիլի 27-ին է այն նշում, երբ այդ օրն ընտրություններով վերջ դրվեց ապարտեիդին և հիմքը դրվեց ժողովրդավարությանը՝ համազգային ընտրությունների միջոցով։ Եվ կան ոմանք էլ, որոնք միայն, մեր պես, Անկախության օրն են նշում։ Եվ մեծ մասը Հայաստանի պես է։

Բայց ինչո՞ւ է սա կարևոր։ Եթե մի քիչ վերացական-եթերային, ապա որովհետև անկախությունը քանդում է պետության ձեռնաշղթաները, իսկ ազատությունը՝ ժողովրդի։ Անկախությունը պետությանն է, իսկ ազատությունը՝ ժողովրդինը։ Անկախությունը դրսի համար է, իսկ ազատությունը՝ ներսի։

Ազատությունն այն է, որ ժողովուրդդ ազատ է ու կարողանում է ազատ ապրել, ստեղծագործել, գործ ձեռնարկել, խոսել, քննադատել, բողոքել․․․

Ու ես չգիտեմ՝ այդ տարիներին միտումնավո՞ր էր ոտքի կանգնած ժողովուրդը գոռում «Ազատ, անկախ, Հա-յաս-տան», թե՞ ոչ, բայց ճիշտ էր։

Ու ինչի՞ համար եմ այս ամենը գրում։ Ո՞րն է իմաստն այս ամենի։ Իսկ իմաստը հետևյալն է․ ի՞նչ իրական անկախություն, եթե ժողովուրդդ ազատ չէ։ Պիտի ազատ լինել, որ անկախությունդ դառնա իմաստավորված։

Ազատություն է պետք կերտել պետական ինստիտուտների միջոցով՝ իսկապես անկախ, ինքնուրույն ու վստահություն ներշնչող ինստիտուտների, որտեղ ղեկավարները չեն փոխվում մեկ SMS-ով կամ քաղաքական հրահանգով, և որտեղ օրենքը նույն չափանիշով է կիրառվում բոլորի նկատմամբ՝ ոչ թե ոմանց հանդեպ ամբողջ խստությամբ, իսկ մյուսների՝ մեծագույն նրբանկատությամբ ու սպիտակ, ստերիլ ձեռնոցներով։

Ու այդ ինստիտուտների համար մարդիկ են պետք՝ ազատ, կրթված՝ ազատ հանրակրթական հաստատություններում, ոչ թե ինչ-որ գաղափարախոսության ներքո, անգամ եթե դա «Իրական Հայաստանի»՝ վարչապետի կողմից առաջ մղվող գաղափարախոսությունն է, թե հայտնի կանադացի ինտելեկտուալ Ջորդան Պետերսոնի, թե հարևան Անդոյի։ Ու այստեղ կրկին չի կարելի մոռանալ, թե ինչ ահավոր հետևանքներ է բերում պարտադիր գաղափարախոսությունը հանրակրթական հաստատություններում։ Չի կարող ինչ-որ գաղափարախոսություն պարտադիր դառնալ հանրակրթական հաստատությունում։ Մասնավորում՝ խնդրեմ, բայց ոչ երբեք հանրակրթական հաստատությունում։

Այնպես որ, ի՞նչ անկախություն, եթե ժողովուրդդ ազատ չէ։

Ի՞նչ ազատ ժողովուրդ, եթե ժողովուրդդ կրթված չէ։

Ի՞նչ կրթված ժողովուրդ, եթե մարդիկ չեն կարդում։

Կարդալ է պետք։ Երկրի քաղաքական մշակույթը, էլիտան և քաղաքական ամեն ինչը կփոխվի, եթե երկրում լինեն ընտրագույն գրադարաններ և գրախանութներ՝ իրենց սրճարաններով, որտեղ մարդիկ ժամանց կանցկացնեն ու կկարդան։

Ով ուզում է լինի՝ ընդդիմություն թե իշխանություն, չի կարող անորակ, անիմաստ խոսել և գործել, եթե ընտրողը կարդացած է և կարդում է։ Պահանջարկը ծնում է առաջարկ, և պահանջողը՝ ընտրողը, հիմա չունի մեծ պահանջներ, դրա համար էլ, Սունդուկյանի «Պեպոյի» լեզվով ասած, ով գալիս-գնում է՝ դիփ խաբում է ու խաբում, կամ էլ անիմաստ ու անորակ ճառեր ասում ու գնում։

Ու ամեն ինչ մնում է նույնը։ Կարդալ է պետք։ Խնդրում եմ՝ կարդացեք։

Թող ինչ-որ մի քաղաքական գործիչ Արևմտյան Եվրոպայում փորձի ինչ-որ անորակ ելույթ ունենալ կամ ճառ ասել։ Մեկ վայրկյան չի դիմանա քաղաքականության մեջ, իսկ իր քաղաքական յոթնուքառասունքը կլինի նոր ընտրությունների ժամանակ։ Ինչո՞ւ։ Որովհետև այնտեղ մարդիկ կարդում են ու շատ են կարդում, ու քաղաքական դաշտի դերակատարներից պահանջներն ու ակնկալիքները շատ բարձր են։

Իզուր չէ, որ Մաշտոցի՝ հայատառ գրած առաջին նախադասությունը սա է․ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

Կարդացեք և խրախուսեք կարդալ։ Այ այդ ժամանակ կունենանք ուժեղ Հայաստան, այ այդ ժամանակ կլինի իսկական քաղաքացիական պայմանագիր, այ այդ ժամանակ կլինի բարգավաճ Հայաստան։

Կարդալ է պետք։

Խաչիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment