6 խաղափուլից հետո ՀՀ տղամարդկանց հավաքականը 11 թիմային միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում, իսկ կանանց հավաքականը 10 թիմային միավորով՝ 7-րդ հորիզոնականում
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի հավաքականները հաղթանակներ են գրանցել շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 6-րդ խաղափուլում։
Այս մասին հայտնում է ՀՀ Շախմատի ֆեդերացիան։
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Իրանի հավաքականի նկատմամբ:
Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։
Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի և Շանթ Սարգսյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Հայաստանի կանանց հավաքականը 3:1 հաշվով առավելության է հասել Լատվիայի հավաքականի նկատմամբ:
Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը, կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։
6 խաղափուլից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 11 թիմային միավորով գտնվում է 3-րդ հորիզոնականում, իսկ կանանց հավաքականը 10 թիմային միավորով՝ 7-րդ հորիզոնականում։