Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ

Քաղաքականություն

Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Մակրոնը X-ում գրառման մեջ հանդիպումը որակել է որպես «հանգամանալից»։ 

«Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ ռուսական հարվածները սպառնում են միլիոնավոր ընտանիքների զրկել ջեռուցումից և էլեկտրաէներգիայից։ Ֆրանսիան կաջակցի Ուկրաինային՝ հաղթահարելու ձմեռը, և G7-ի էներգետիկայի խումբը նույնպես կմոբիլիզացնի իր ջանքերը՝ լինելով նրա կողքին», – գրել է նա։

Բացի այդ, ըստ Ֆրանսիայի նախագահի՝ ռադարների և կալանիչ հրթիռների մատակարարման պայմանագրի ստորագրմամբ կամրապնդվի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։

Մակրոնը հավելել է, որ այս աջակցության հարցը քննարկել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Բացի այդ, նա նշել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է «էներգետիկ հրադադարի և Սև ծովում մորատորիումի հեռանկարը, որին մենք աջակցում ենք»։ 

«Սա առանցքային հարց կլինի բանակցություններում, որոնք պետք է վերսկսվեն և հանգեցնեն արդար և տևական խաղաղության», – հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։ 

Leave a comment