«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Բեռլինի թանգարանային կղզու 6 թանգարաններ համատեղ՝ 50-ից ավելի ուշագրավ նմուշներով, եկել են Հայաստան»

«Ուրախ ենք Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանի Անկախության տոնը նշանավորել մի շատ կարևոր միջազգային ցուցահանդեսով։ «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» խորագրի ներքո առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Բեռլինի թանգարանային կղզու 6 թանգարաններ համատեղ՝ 50-ից ավելի ուշագրավ նմուշներով, եկել են Հայաստան։ Այս հավաքածուները համադրվել են Հայաստանի պատմության թանգարանի ուշագրավ ցուցանմուշների հետ։ Դրանք վաղվանից մեր այցելուներին կտեղափոխեն տարբեր քաղաքակրթություններ, տարբեր ժամանակներ»,- բացառիկ ցուցադրության բացման առիթով կայացած ասուլիսում նշեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Press conference on the opening of the international exhibition Myths, Cults and Cosmology: The Museum Island Berlin at the History Museum of Armenia, held at the History Museum of Armenia as part of the celebrations marking the 35th anniversary of Armenias independence. Yerevan, Armenia

Նա նշեց, որ կան նմուշներ, երբևէ աշխարհում չեն ցուցադրվել եւ այժմ ներկայացվում են Հայաստանում։

Press conference on the opening of the international exhibition Myths, Cults and Cosmology: The Museum Island Berlin at the History Museum of Armenia, held at the History Museum of Armenia as part of the celebrations marking the 35th anniversary of Armenias independence. Yerevan, Armenia

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի ձեւակերպմամբ, գերմանական և հայկական թանգարանների բացառիկ ցուցանմուշները հրավեր են՝ բացահայտելու ընդհանուր եզրեր տարբեր երկրների և դարերի միջև։ Դեսպանը ևս ընդգծեց, որ գերմանական հավաքածուի որոշ նմուշներ ցուցադրվում են առաջին անգամ։ ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանի ձևակերպմամբ՝ բացի բացառիկ ինտելեկտուալ արժեքից, ցուցահանդեսը նաև կենսունակ գերմանահայկական հարաբերությունների վառ ապացույցն է։ «Սա նաև երկկողմ գործընկերության մեր ռազմավարական օրակարգի մի մասն է, օրակարգ, որը նպատակ ունի ամրապնդել մեր գործընկերությունը և խորացնել համագործակցությունը դիվանագիտության, փոխգործակցության, տնտեսության և առևտրի, տեխնոլոգիական նորարարության, անվտանգության և պաշտպանության, ինչպես նաև մշակույթի, կրթության, ակադեմիական և այլ ոլորտներում»,- ընդգծեց դեսպանը։

Press conference on the opening of the international exhibition Myths, Cults and Cosmology: The Museum Island Berlin at the History Museum of Armenia, held at the History Museum of Armenia as part of the celebrations marking the 35th anniversary of Armenias independence. Yerevan, Armenia

Բեռլինի թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն Մաթիաս Վեմհոֆը նշեց, որ իր համար մեծ հաճույք է գտնվել Հայաստանում՝ որպես Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն, ինչպես նաև «Թանգարանային կղզու» խոսնակ։ «Մեզ համար սա նոր քայլ է 200 տարի անց՝ կազմակերպելու առաջին համատեղ ցուցահանդեսը «Թանգարանային կղզու» վեց հավաքածուների հետ միասին՝ ներկայանալով որպես մեկ միասնական «Թանգարանային կղզի»։ «Թանգարանային կղզին» համաշխարհային թանգարանային պատմության խորհրդանիշն է, քանի որ այն ներառում է տարբեր դարաշրջանների 5 կարևոր թանգարանային շենքեր, և այստեղ կարելի է տեսնել, թե ինչպես է ժամանակի ընթացքում փոխվում թանգարանի ընկալումը:

Մեր քայլը՝ կղզուց դեպի աշխարհ դուրս գալը և առաջին քայլով բոլորին ընդառաջ գնալը, իսկապես նոր զարգացում է՝ ասելու, որ ժամանակն է նման նոր տեսակի փոխանակման։ Սա նաեւ կարևոր քայլ կլինի մեր երկու ժողովուրդների փոխգործակցության առումով, սա փոխադարձ ըմբռնում է, դիմացինի մասին իմացություն։ Այս ցուցահանդեսով մեծ քայլ ենք անում տարբեր մշակույթների և տարբեր ժամանակաշրջանների ընկալման ճանապարհին։ Սա ճանապարհորդություն է ժամանակի և տարածության միջով, որը մենք սկսում ենք շատ հին ցուցանմուշներից և ավարտում ժամանակակից առարկաներով»,- ի թիվս այլնի նշեց Մաթիաս Վեմհոֆը։

Press conference on the opening of the international exhibition Myths, Cults and Cosmology: The Museum Island Berlin at the History Museum of Armenia, held at the History Museum of Armenia as part of the celebrations marking the 35th anniversary of Armenias independence. Yerevan, Armenia

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment