«Տիգրանաշենը հայկական հող է, գյուղը թշնամուն հանձնելու օրակարգը հակահայկական է». Գոհար Մելոյան

«Շատ տեղերում կարող էինք լինել ու ուղերձը հղել Անկախության տոնի, բայց ավելի հարմար տեղ, քան Տիգրանաշենն է, այսօր երևի թե չկա, որովհետև բազմաթիվ ուղերձներ է հենց Տիգրանաշենի հարցի շրջանակում պարունակում։ Տիգրանաշենը անհերքելիորեն և՛ մեր օրենսդրությամբ, և՛ պատմական առումով հանդիսանում է հայկական հող և հայկական գյուղ։ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով Տիգրանաշենը Արարատի մարզի գյուղ է, և հայկական գյուղը թշնամուն հանձնելու օրակարգ դարձնելն առնվազն հակահայկական է ու բացառապես օտարի շահերից է բխում։

Այսօր այստեղ կանգնած՝ կարևորագույն ուղերձն ենք տալիս․ մենք ցույց ենք տալիս, որ անկախությունը հենց այն դրսևորումն է, երբ ոչ թե արմատախիլ ես անում և քո երկրից որոշակի հատվածներ ծվեն-ծվեն միակողմանիորեն զիջում ես թշնամուն, այլ նոր արմատներ ես ներդնում քո երկրում, քո հողում»,- Տիգրանաշենում կայացած ծառատունկի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

«Խաղաղությունը բոլորիս օրակարգում է և բոլորիս ցանկությունն ու վերջնանպատակն է, բայց այս պարագայում, երբ «խաղաղության» անվան ներքո հանձնումներ ես իրականացնում, դա բնավ այլևս իրական խաղաղություն չէ, այլ միակողմանի զիջումային գործընթաց է, որը, ցավոք սրտի, շարունակական է լինելու, ինչպես Արցախի Հանրապետության հետ պատահեց, հետո Սյունիքի մարզ՝ Գորիս-Կապան, Ճակատեն տարածքների հանձնում, Վայոց Ձոր՝ ջերմուկյան մարտեր, Ջերմուկի տարածքների այս պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերի տեղակայում, հետո Տավուշի մարզում «չակերտավոր» սահմանազատման գործընթաց, որի շրջանակներում կրկին Հայաստանի ինքնիշխան տարածքի փոփոխությունների հարց բարձրացվեց։ Մինչդեռ մեր Սահմանադրությունը հստակ ամրագրում է՝ Հայաստանի Հանրապետության տարածքը կարող է փոփոխվել բացառապես հայ ժողովրդի կամքով՝ հանրաքվեի արդյունքում, իսկ այսօրվա իշխանությունը խուսափում է հանրաքվեից։

Այնպես որ, Անկախության օրվա խորհրդին համահունչ, նախ մեր հարգանքի տուրքը տանք մեր հիմնադիր նախահայրերին և մեր զինակիցներին, ում արյամբ և ում կամքով այսօր ունենք անկախ պետականություն, և երկրորդ՝ ուղերձ ենք հղում մեր հայրենակիցներին, որ մշտապես այլընտրանքային ուղիներ կան, որոնք մի փոքր ավելի շատ ջանք են պահանջում, բայց հնարավոր են»,- ասաց Գոհար Մելոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment