Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ավելի քան 500 մլն դրամի պահանջ ունի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությունից, որի շուրջ «խոսում է» ընկերության հետ։ «Ինֆոքոմ»-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Մեզ համար դա գումար է, որ պետք է համարվի տնտեսված գումար ու վերադարձվի պետությանը։ Իրենց դիրքորոշումը տարբերվում է մեր դիրքորոշումից, ու մենք կա՛մ կգանք փոխադարձ համաձայնության գումարը հետ վերադարձնելու, կա՛մ կլինի դատական պրոցես», – հայտարարել է նախարարը։
Օգոստոսի 28-ին «Ազատություն»-ը հետաքննություն էր հրապարակել, պարզելով, որ «Դոպինգ սփեյս» ընկերությունը ավելի քան 500 մլն դրամի նախահաշվից շեղված տնտեսումներ ունի, և ամիսներ շարունակ նախարարությունը չի կարողանում այդ գումարը հետ ստանալ ընկերությունից։ Բացի այդ, ԿԳՄՍՆ-ն համերգից առաջ կասկածելի նպատակահարմարությամբ վերացրել էր բանկային երաշխիքը ընկերության համար, այնինչ բանկային երաշխիքի առկայության դեպքում այս գումարը նախարարությունը կկարողանար գանձել հենց այդ երաշխիքից։ Ավելին՝ նախարարությունը գործողություններ էր ձեռնարկել, որով, ըստ էության, զրոյացվել էին այն տույժերն ու տուգանքները «Դոպինգ սփեյս»-ի համար, որ ձևավորվել էին համերգի կազմակերպումը տևական ժամանակ ուշացնելու համար։ Համերգը հետաձգվել էր 2023-ի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով։
Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: