«Մանիպուլացնում եք, վարչապետն ինքնաքննադատաբար է ասել»․ Էդուարդ Աղաջանյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «7 տարի նույն դասարանում մնալու» հայտարարության մասին

«Պետական կառավարման համակարգը բարձրակարգ մասնագետների խնդիր ունեցել է և այն առավել սրված է դարձել հեղափոխությունից հետո, երբ համակարգում աշխատանքի տրամաբանությունը փոխվել է»,-դիտարկմանը՝ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 75000 դրամ է, ինչո՞ւ են այդքան բարձրացել պաշտոնյաների աշխատավարձերը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Նա նշեց, որ կոռուպցիան արմատախիլ են արել, դրա համար պետական կառավարումը շատերի համար սկսել է գրավիչ չլինել, հետևաբար այս բարձրացումները կնպաստեն բարձրակարգ մասնագետներին ներգրավելու առումով։

Հարցին՝ Ձեր թիմում այն որակի մասնագետներ կա՞ն, որոնք արժանի են այդքան բարձր աշխատավարձ ստանալ, մանավանդ, որ ԱԺ ամբիոնից «սեկտեմբեր», «մացեմացիկա» ասելով, հայոց լեզուն աղավաղելով են խոսում և դիտարկմանը՝ արդյոք այդպիսի անձինք կարո՞ղ են այնպիսի մասնագիտական որակներ ունենալ, և ի՞նչ բարձր աշխատավարձի մասին կարող է խոսք լինել, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց․ «Ցավոք, KPA-ները, որոնք կառավարությունում և գործադիր մարմնում պետք է կիրառվեն, այստեղ հնարավոր չէ։ Հաշվի առնելով պատգամավորի՝ առաջնային մանդատ կրողի կարգավիճակը՝ KPA-ների ներդրման հնարավորություն չկա։ Ձեր հարցի պատասխանն այն է, որ հերթական ընտրությունների կամ այն ընտրությունների ժամանակ, երբ նոր ԱԺ կընտրվի, համապատասխան պատգամավորներն իրենց՝ այդ ընթացքում դրսևորած կարողություններով՝ այդ թվում ելույթների որակներով, կարժանանան ժողովրդի գնահատականին՝ մասնավորապես հետագայում մանդատ ստանալու-չստանալու տեսքով»։

Հարցին՝ այս թանկացումների պարագայում 75000 աշխատավարձ ստացողն ինչպե՞ս ապրի, որ փոխանակ նվազագույն աշխատավարձ բարձրացվի, պաշտոնյաների աշխատավարձերն են բարձրացնում, Էդուարդ Աղաջանյանն այսպես արձագանքեց․ «Որպեսզի պետական կառավարման կարևոր օղակներում առնվազն աշխատակիցները կարողանան բարձրորակ ծառայություններ մատուցել մեր հասարակությանը, նրանք պետք է առնվազն չունենան ֆինանսական խնդիրների հետ կապված մտահոգություններ, որոնք իրենց կշեղեն իրենց բուն գործառույթից»։

Լրագրողների դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն է ասում, որ «7 տարի մնացել են նույն դասարանում», ուստի աշխատավարձը բան չի փոխում, ՔՊ-ական պատգամավորն այսպես արձագանքեց․ «Դուք մանիպուլացնում եք։ Վարչապետն այլ համատեքստում է ասել, դա ասել է ինքնաքննադատաբար, որ մենք մշտապես պետք է լինենք ինքնակրթման գործընթացի մեջ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment