«Թաթիկներով չխոսեք ինձ հետ, պարոն Ղազինյան, հենց հիմա լռեք»․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ կրքերը բորբոքվեցին

«Չարժի Ազգային ժողովի նիստերի դահլիճում աստվածաբանական վեճեր ծավալել, որովհետև Աստվածաշնչում ասվում է, որ Աստծո անունը զուր տեղը պետք չի տալ, և չեմ կարծում, որ Հիսուս Քրիստոսին կամ իր արձանը պետք է օգտագործել որպես քաղաքական փաստարկների հավելյալ հզորացման գործիք։ Բացի դա, պարո՛ն Մանուկյան, քանի որ դուք պնդում էիք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է… ոնց ասեցիք՝ վիրավորվի Հիսուսի արձանը դնելուց, ես ձեզ պետք է ցավով տեղեկացնեմ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է վիրավորվել Հիսուսի արձանը տեղադրելու գաղափարից, որովհետև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է պաշտոնապես տարածել, որով դատապարտել է Հիսուսի արձան դնելու նախաձեռնությունը։ Սա ասելով՝ ես որևէ վերաբերմունք չեմ արտահայտում, որովհետև, փառք Աստծո, ես աստվածաբան չեմ»,- խորհրդարանում՝ անդրադառնալով Շիրազ Մանուկյանի եւ Վահագն Ալեքսանյանի վեճին, ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Հետո ելույթ ունեցավ իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը (լուսանկարում)։ Նրա ելույթի ընթացքում կրքերը անընդհատ բորբոքվում էին։

«Ես ասում եմ՝ ուր էին երեկ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները, այսօր եկա՝ էլի չկայիք, հետո նայում եմ՝ «Հայաստան» դաշինքն էլ չկա, ասում եմ՝ այս ո՞ւր են գնում-գալիս։ Հետո տեսա, որ դատական նիստեր կան․ երեկ «Ուժեղ Հայաստանը» գնացել էր Սամվել Կարապետյանի դատական նիստին, «Հայաստան» դաշինքն այսօր գնացել էր Քոչարյանի դատական նիստին, «Ուժեղ Հայաստանը» այսօր որ երկրորդ, ուրեմն, արդեն էտապով գնացել էր Կտրիճ Ներսիսյանի դատական նիստին… Ես, հա, լավ, լավ, ես որևէ միտում… »,- իշխող ուժի պատգամավորի այս հայտարարությունից հետո դահլիճում ներկա ընդդիմադիրները ակցիա իրականացրեցին՝ հարվածելով սեղաններին։

«Մի խառնվեք, ես ուղղակի գծերն էի ստուգում, ուզում էի տեսնել՝ դեռ աշխատո՞ւմ է, աշխատո՞ւմ է դեռ այդ ամենը, այդ ֆլեշմոբը, թե չէ։ Գծերը ստուգում էի, գծերը աշխատում էին… Եվ անցնելով բուն թեմային, անցնելով բուն թեմային․ դուք չեք կարող մաքրել ձեր անունը, դուք ինչ ելույթ ուզում եք այստեղ ունեցեք, ինչպես «Հայաստան» դաշինքը հինգ տարի շարունակ չի կարողացել իր անունը մաքրել այն ընտրակաշառքներից, այն կեղծիքից, այն ֆեյք նյուզից, այն արտաքին ուժերին հրավիրելուց Հայաստանի Հանրապետության վրա, որ… »,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Դահլիճից «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արեգա Հովսեփյանն ու Տիգրան Աբրահամյանն էին ինչ-որ բաներ բղավում։

«Դուք մտածե՞լ եք, որ կարող եք 500 միլիոն դոլարով, 700 միլիոն դոլարով, 1 միլիարդ դոլարով գնել Հայաստանի Հանրապետությունը։ Դուք դա եք արել Հայաստանի Հանրապետության հետ, և այդ խարանը ձեր վրայից չի մաքրվելու երբեք, ինչպես «Հայաստան» դաշինքի վրայից չի մաքրվելու երբեք»,- շարունակեց Արթուր Հովհաննիսյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանն ու Քրիստինե Վարդանյանը միջամտեցին։

«Տիկի՛ն Վարդանյան, ձեր ձայնի բարձր տոնայնությունը ազդում է իմ վրա, ցածր խոսեք… Դե դե ուրեմն… Մի վայրկյան, մի վայրկյան, լռե՛ք… Պարո՛ն Մանուկյան, հորդորեք տիկին Վարդանյանին լռել և ինքներդ լռեք»,- միջամտեց Ռուբեն Ռուբինյանը։

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, ուրեմն, օրենքը և մեր, ուրեմն, գործողություններն այս իմաստով, որովհետև ես ասում եմ՝ այս ինչո՞ւ այս մարդիկ չեն գալիս պետության հետ համաձայնության․ չէ՞ որ 75%-ը վերադարձնեն, 25%-ը պահեն, համաձայնության գան, և համերաշխության մթնոլորտ ձևավորվի մեր երկրում վերջապես այս հարցի շուրջ։ Ինչո՞ւ պետք է գան այդ 75%-ը տան պետությանը իրենց 100%-ից, որ այն 20%-ը կբաժանեն… »,- շարունակեց Արթուր Հովհաննիսյանը։

Այս անգամ լեզվակռիվ սկսվեց «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի հետ։

«Պարո՛ն Ղազինյան, ես ուզում եմ հասկանալ՝ դուք չեք հասկանո՞ւմ, որ պետք է չխոսեք պատգամավորի ելույթի ժամանակ։ Ձեզ հորդորում եմ, որովհետև դուք հենց հիմա ինձ խանգարում եք, հենց հիմա դուք շարունակում եք ինձ խանգարել։ Պարո՛ն Ղազինյան, դուք էլ լռե՛ք, երբ որ ես ելույթ եմ ունենում… թաթիկներով չխոսեք»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment