ԱՄՆ-ը կարող է Եվրոպայից դուրս բերել իր զորակազմի կեսը․ NBC

Պենտագոնը քննարկում է Եվրոպայից ամերիկյան զորակազմի գրեթե մեկ երրորդի դուրսբերման հնարավորությունը։ NBC News-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի և արևմտյան երկրների գործող և նախկին յոթ պաշտոնյաների, հայտնել է, որ եվրոպական երկրներից կարող է դուրս բերվել 25 հազար և ավելի ամերիկացի զինծառայող, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լրագրողների երկու զրուցակիցներ նշել են, որ կրճատումը կարող է ավելի մեծ լինել՝ հասնելով մինչև 40 հազար զինծառայողի, ինչը կազմում է Եվրոպայում տեղակայված ամերիկյան զորակազմի մոտ կեսը։

Ամենայն հավանականությամբ, զորակազմի կրճատումը կառնչվի Գերմանիային, Իտալիային և Իսպանիային, նշել են ԱՄՆ-ի երեք գործող և մեկ նախկին պաշտոնյաներ, ինչպես նաև արևմտյան մեկ այլ պաշտոնատար անձ։ Այս երեք երկրներում է տեղակայված Եվրոպայում ամերիկյան զորքերի հիմնական մասը։ NBC News-ը հիշեցնում է, որ այդ երկրների առաջնորդներն Իրանի պատերազմի պատճառով հակասությունների մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության արմատական կրճատման ծրագիրը նախատեսում է նաև ավիացիայի, նավերի և սպառազինության դուրսբերում։ Եթե այս մտադրություններն իրականացվեն, դա սառը պատերազմի ավարտից ի վեր Եվրոպայում ԱՄՆ-ի շուրջ 80 հազարանոց ռազմական ներկայության ամենանշանակալի կրճատումը կլինի։ Այս հարցի վերաբերյալ առայժմ որևէ որոշում չի ընդունվել, նշում է հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի ու ևս երկու պաշտոնատար անձանց։

Նշվում է, որ նման մասշտաբային միջոցներն ԱՄՆ-ն ուսումնասիրում է՝ չնայած ՆԱՏՕ-ի դաշնակիցների նախազգուշացումներին Եվրոպայում ռուսական ագրեսիայի աճող սպառնալիքի վերաբերյալ։ Հրապարակման մեջ նշվում է, որ այդ քայլը կարող է արմատապես փոխել ԱՄՆ-ի հարաբերություններն առանցքային դաշնակիցների հետ և ստիպել եվրոպական երկրներին անկայունության պայմաններում նոր գործընկերային հարաբերություններ ձևավորել՝ Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմների ֆոնին։

Պաշտոնավարման երկրորդ ժամկետի սկզբից Թրամփն ու նրա թիմակիցները պնդում են, որ Եվրոպան պետք է առաջատար դեր ստանձնի սեփական պաշտպանության ապահովման գործում՝ ԱՄՆ-ի միջուկային զինանոցի աջակցությամբ։ Նրանք կարծում են, որ ԱՄՆ-ը պետք է կենտրոնանա Չինաստանի, Իրանի և Արևմտյան կիսագնդում գործող թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող կարտելների կողմից ստեղծվող սպառնալիքներին հակազդելու վրա։ Վերջին ամիսներին Թրամփը կտրուկ քննադատել է եվրոպացի գործընկերներին՝ Իրանի դեմ պատերազմին ԱՄՆ-ին միանալուց հրաժարվելու համար։

Սպասվում է, որ սեպտեմբերի 18-ին Միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար և ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ղեկավար Ալեքսուս Գրինկևիչը Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին կներկայացնի Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության վերլուծության արդյունքները։ Դրա անցկացման մասին Պենտագոնը հայտնել էր հունիսին։

NBC News-ի գնահատմամբ՝ Գրինկևիչի զեկույցում կներկայացվեն գործողությունների չորս հնարավոր տարբերակներ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ռազմածովային ուժերի անձնակազմի և ցամաքային զորքերի թվաքանակի կրճատում կամ այլ ուժերի և միջոցների կրճատում, ինչպես նաև զորակազմի մի մասի վերաբաշխում Եվրոպայի ներսում՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներ։

Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակի կրճատման հակառակորդները պնդում են, որ նման քայլը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խոցելի կդարձնի և կարող է խթանել Ռուսաստանի ագրեսիան, ինչպես նաև կասկածներ առաջացնել աշխարհի այլ հատվածներում ԱՄՆ-ի գործընկերների շրջանում և զրկել ամերիկյան բանակին այն լոգիստիկ կենտրոններից, որոնք թույլ են տալիս արագորեն զորքեր տեղափոխել Մերձավոր Արևելք կամ Աֆրիկա։ Ներկայում Գերմանիայում տեղակայված է շուրջ 36 հազար ամերիկացի զինծառայող, Իտալիայում՝ շուրջ 12 հազար։ Իսպանիայի հարավում գտնվում են ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերի կարևոր բազաներ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment