Վարդանյանը` Ադրբեջանի ՄԻՊ-ին. Հետևեք ձեր իսկ օրենքներին (PAN.am)

Բաքվի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ առաջարկելով հանդիպել բանտարկյալների հետ և հետևել իրենց իսկ օրենքներին:

«Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»,-ասել է նա:

Վարդանյանը, որը Հայաստանի ևս տասնութ քաղաքացիների հետ գտնվում է Ումբակի քրեակատարողական համալիրում, իր ուղերձում թվարկում է մի շարք խախտումներ, որոնք հակասում են առաջին հերթին հենց Ադրբեջանի օրենսդրությանը։

Նա հղում է կատարել Պատիժների կատարման օրենսգրքին և դատապարտյալների իրավունքների մասին գրքույկին, որն այս տարվա ապրիլին Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տրամադրել է բանտարկյալներին։ Վարդանյանն ընդգծել է, որ այդ իրավունքները պետք է պահպանվեն՝ անկախ մեղադրանքի հոդվածից, ազգությունից, կրոնական պատկանելությունից և քաղաքացիությունից։

Նրա բարձրացրած հարցերի շարքում նշվել են բանտարկյալների մի մասի համար ամենշաբաթյա հեռախոսազանգերի բացակայությունն ու տեսազանգերի անհասանելիությունը։ Դրա հետևանքով, ըստ Վարդանյանի, նրանցից ոմանք գրեթե երեք տարի չեն տեսել իրենց երեխաներին։ Նա անդրադարձել է նաև նույնիսկ սեփական միջոցներով բժշկական հետազոտություններ հանձնելու անհնարինությանը, նոտարական ծառայությունների մերժման պատճառով հարազատների անունով լիազորագիր ձևակերպելու անհնարինությանը, ինչպես նաև ֆիզիկական վարժությունների սահմանափակմանը՝ շաբաթական մեկ անգամ 20–40 րոպեով՝ սահմանված օրական մեկ ժամի փոխարեն։ Բարձրացվել է նաև դիմումներին և բողոքներին գրավոր պատասխաններ չստանալու հարցը։

Ռուբեն Վարդանյանն առանձին անդրադարձել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումից հետո ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ բանտարկյալները զրկվել են ընտանիքների հետ կապի կարևոր ուղուց, իսկ նրանց մեծ մասը ծանրոցներ չի ստանում։ Նա նաև հայտնել է, որ շատերը հնարավորություն չունեն բանտային խանութից սննդամթերք գնելու և հեռախոսազանգեր կատարելու՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով։

Վարդանյանը հիշեցրել է նաև իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնության մասին։ Վերջինս պատրաստակամություն է հայտնել մեկնելու Բաքու, հանդիպելու Մարդու իրավունքների պաշտպանի և Հայաստանի դատապարտված քաղաքացիների հետ, ինչպես նաև նրանց փոխանցելու մոտ հազար նամակ, ծանրոցներ և անհրաժեշտ իրեր։ Նրա դիմումները, ըստ ներկայացված տեղեկության, մնացել են անպատասխան, իսկ այլընտրանքային լուծում չի առաջարկվել։

Պաշտոնական տվյալներով Բաքվի բանտերում 19 հայ գերի է պահվում, որոնցից 16-ի մասով կա դատավճիռ՝ նրանք դատապարտվել են ցմահ կամ տևական ազատազրկման: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:

Leave a comment