ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովն այսօրվա դատական նիստում անդրադարձավ Մարտի մեկի գործով իր ձերբակալության մանրամասներին։
Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօրվա նիստում Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն էր ներկայացրել։
Մանրամասները՝ տեսանյութում
Յուրի Խաչատուրովն իր ելույթում ասաց, որ Մոսկվայում էր, իրեն զանգել, ասել են՝ «պարոն գեներալ, շատ ենք խնդրում, եկեք որպես վկա»։ «Ես ասացի՝ լավ, կգամ, եթե պետք է, կգամ։ Պատվիրեցի տոմս, մեկ-երկու օր հետո ժամանեցի, եկա քննիչ Մուշեղյանի մոտ, նա բարեհամբյուր ժպտում էր, ինձ հետ սկսեց խաղեր տալ, խոսել։ Հանցագործության վերաբերյալ ոչ մի հարց։ Եվ մեկ էլ՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ՝ ասաց՝ ձեզ ձերբակալում ենք։ Ինձ ձերբակալեցին, մի քանի ժամ անց եղավ դատական նիստ, հետո խորհրդակցեցին, երևի չէին ուզում ՀԱՊԿ հետ հարաբերությունները շատ փչացնել, ինձ գրավի դիմաց ազատ արձակեցին»,- ասաց Խաչատուրովը։ Նա նշեց, որ գրավի գումարը մինչ օրս հետ չի ստացել։
Խաչատուրովի խոսքով՝ գրավը վճարելուց հետո իրեն իրավունք են տվել մեկնել Մոսկվա՝ շարունակելու գործունեությունը՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար։ «Գնացի Մոսկվա, մինչև նոյեմբեր աշխատեցի, անգամ գնացի գործուղման Նյու Յորք։ Հետո ինձ կանչեցին, եկա այստեղ և մինչ օրս դատարաններում եմ, չգիտեմ՝ ինչու»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Հանրային մեղադրողն ասաց, որ Յուրի Խաչատուրովը եղել է ՀՀ քաղաքացի։ Իր նկատմամբ հետապնդում հարուցելու ժամանակ Հայաստանում չի եղել գործուղման մեջ։ Հետևաբար, ըստ հանրային մեղադրողի, նրա վրա չի կարող տարածվել դիվանագիտական անձեռնմխելիությունը։
Մանրամասները՝ տեսանյութում
Այդ միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հաջորդ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10։00-ին։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը՝ Մարտի մեկի գործով։ Ռոբերտ Քոչարյանից բացի, այս գործով մեղադրյալի աթոռին են նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Մարտի մեկի գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական։ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա նախկին ենթակաները սահմանադրական կարգը տապալելու հոդվածով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էին դեռ 2021-ին: Արդարացումից 3 տարի անց Վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, գործն ուղարկեց նոր քննության:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: