Իրավիճակը ԱԺ-ում լարվեց․ «Չափներդ մի անցե՛ք, գնացե՛ք ձեր տեղը՝ մինչև սովորեք՝ ինչպես խոսել»․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Քաղաքականություն

18.09.2026 | 13:10

Ազգային ժողովի նիստում ընդդիմադիր պատգամավոր Շիրազ Մանուկյանի ելույթի ընթացքում դահլիճում իրավիճակը լարվեց։ Վահագն Ալեքսանյանը նրան նախազգուշացում հայտարարեց և հրահանգեց անջատել նրա խոսափողը։

Ավելի վաղ Մանուկյանն անդրադարձել էր ընտրություններին ու դրանց լեգիտիմությանը՝ նշելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 50+1 տոկոս չի հավաքել։ Նա հիշատակել է Հաքան Ֆիդանի հայտարարությունը և նշել, որ ընտրական պրոցեսն ընթացել է անհամաչափ, քանի որ Սամվել Կարապետյանը գտնվել է անազատության մեջ, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ազատության մեջ։

Խոսելով Քրիստոսի արձանի մասին՝ Մանուկյանը հայտարարել էր․ «Երևի թե իրենց առաջնորդը (ԲՀԿ-ի-խմբ․) անազատության մեջ է մի պատճառով․ որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի, որովհետև եթե կանգնեցված լիներ, երևի թե իշխանության մի փոքր, այսպես ասած, զանգված, մի որոշ մարդիկ կարող է վիրավորվեին, իրենց հոգևոր-կրոնական զգացմունքները վիրավորվեին այդ արձանից»:

Այս հայտարարությունից հետո ընդհատելով ելույթը՝ նիստը վարող Վահագն Ալեքսանյանը նախազգուշացում է հայտարարել պատգամավորին և հրահանգել անջատել խոսափողը․ «Պարո՛ն Մանուկյան, կներե՛ք, չափներդ մի՛ անցեք, ձեր չափերը ճանաչե՛ք… Ձեզ հայտարարվում է նախազգուշացում, անջատե՛ք պարոն Մանուկյանի խոսափողը ու գնացե՛ք, նստե՛ք ձեր տեղը, մինչև կսովորեք, թե ոնց է պետք խոսել»:

Ալեքսանյանը հավելել է, որ Քրիստոսի արձանից վիրավորվելու մասին հայտարարությունը «չափազանց վատ վիրավորանք է»։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Եվգենյա Համբարձումյան

 

Leave a comment