Ադրբեջանը պետք է ապահովի Նախիջևանի տարածքով Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային կապի հնարավորությունը։ Այդ մասին սեպտեմբերի 17-ին TRIPP-ի թեմայով համաժողովում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը հայտնել է, որ Իրանը սատարել է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ շեշտելով, որ նախաձեռնությունը պետք է հաղորդակցություն ապահովի ոչ միայն Արևմուտք-Արևելք, այլ նաև Հյուսիս-Հարավ ուղղությամբ, հայտնում է Auroranews.am-ը:
«Ինչպես Հայաստանը պատասխանատվությամբ աջակցում է այդ նախագծին և TRIPP-ի շրջանակում փորձում է օգնել Ադրբեջանին Նախիջևանի հետ ցամաքային կապ ստեղծելու գործում ու ջանքեր է ներդնում խաղաղության հաստատման համար, այնպես էլ Ադրբեջանը պետք է պատասխանատվությամբ ապահովի Հայաստանի և Իրանի միջև Նախիջևանի միջոցով երկաթուղային կապի հնարավորությունը»,- հայտարարել է Շիրղոլամին։
Նրա գնահատմամբ՝ Երասխի և Ջուղայի միջև երկաթուղային հաղորդակցության հաստատումը Հայաստանի համար նոր հնարավորություններ է ստեղծելու։
Իրանի դեսպանը նաև նշել է, որ նման երկաթուղային կապի առկայության դեպքում Հայաստանը կարող է վերածվել կարևոր տարանցիկ հանգույցի՝ միմյանց կապելով Պարսից ծոցն ու Սև ծովը։
Շիրղոլամին հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն այժմ չի քննարկվում, և առկա խնդիրը հաջողվել է հաղթահարել։ Այդ մասին դեսպանն ասել է «TRIPP. վտանգավոր հարցերի ճամփաբաժանին» աշխատաժողովի ընթացքում։ Նա նշել է, որ TRIPP նախագիծն ամբողջությամբ չի արտացոլել այն նպատակներն ու խնդիրները, որոնք Անկարան և Բաքուն առաջադրել էին՝ արտատարածքային միջանցք ստանալու ցանկությամբ: