Հնդկաստանը 900 մլրդ դոլար կուղղի քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը

Հնդկաստանի արժեթղթերի շուկայի կարգավորիչը մտադիր է խրախուսել համայնքներին համատեղ ֆինանսավորում ներգրավել և պարտատոմսեր թողարկել՝ քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման համար։ Մինչև 2031 թվականը դրանց զարգացման համար ծախսերը կարող են հասնել 900 մլրդ դոլարի, հայտնում է Bloomberg-ը։

Ինչպես հիշեցնում է Bloomberg-ը, մայիսին Հնդկաստանի արժեթղթերի և բորսաների խորհուրդը (SEBI) հանրային քննարկման է ներկայացրել համապատասխան փաստաթուղթ։ Այն նախատեսում է միջոցներ, որոնք կօգնեն փոքր քաղաքներին համատեղ միջոցներ ներգրավել պարտատոմսերի թողարկման միջոցով և կրճատել քաղաքային ենթակառուցվածքների ֆինանսավորման պակասը։

Հնդկաստանը ձգտում է մինչև 2047 թվականը դառնալ զարգացած տնտեսություն և նախատեսում է ընդլայնել համայնքային պարտատոմսերի շուկան, որը ներկայումս դեռ զարգացման սկզբնական փուլում է։ Քաղաքային ենթակառուցվածքների արդիականացման համար երկրին մինչև 2031 ֆինանսական տարին կպահանջվի 82 տրլն ռուփիից (855 մլրդ դոլար) մինչև 86 տրլն ռուփի (900 մլրդ դոլար)։

Կարգավորիչը մտադիր է խրախուսել համայնքային պարտատոմսերի թողարկումը։ Հնդկաստանը հատուկ ուշադրություն է դարձնում ենթակառուցվածքների զարգացմանը, այդ թվում՝ խմելու ջրի մատակարարման և կոյուղու համակարգերին։

Հնդկաստանի համայնքային պարտատոմսերի շուկան առայժմ փոքր է, սակայն արդեն զարգանում է: Դրանց բաժին է ընկնում Հնդկաստանում ռուփիով պարտատոմսերի տեղաբաշխումների ընդհանուր ծավալի 1%-ից պակասը։ Համեմատության համար՝ ԱՄՆ-ում այս հատվածը կազմում է պարտատոմսերի ամբողջ շուկայի 7%-ը:

Leave a comment