Ինչո՞ւ է ցեմենտի գինը Հայաստանում բարձրացել. Պապոյանը ներկայացնում է խնդիրը

Բաժանորդագրվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարը պնդում է` ցեմենտի ներմուծումը հարևան երկրներից այս պահին պատմական նվազագույնի վրա է։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ցեմենտի գինը բարձրացել է ներմուծման ծավալի նվազելու պատճառով։ Այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով ցեմենտի շուկայում առկա իրավիճակի մասին։

«Այս պահին պատմական նվազագույնի վրա է ցեմենտի ներմուծումը հարևան երկրներից։ Հունիսին ՀՀ է ներմուծվել 59 200 տոննա ցեմենտ, իսկ օգոստոսին` 49 000 տոննա։ Ցեմենտի ներմուծման խնդիր կա։ Երկրում ցեմենտի մեծ կարիք կա, բայց ներմուծումը նվազել է և՛ Վրաստանից, և՛ Իրանից, և՛ Ռուսաստանից։ Պատճառը սահմանափակումները կամ տուրքը չէ, խնդիրն այն է, որ այդ հարևան երկրներն էլ ունեն ցեմենտի պահանջարկ, ինչպես նաև մեքենաների հազարավոր հերթեր կան։ Ըստ էության, ներմուծողները չեն կարողանում ամբողջ ծավալով ներմուծել»,– ասաց Պապոյանը։

Ընդգծեց` այս ամենի հետ մեկտեղ, շինարարարությունը ՀՀ–ում աճել է 25%-ով, հետևաբար պահանջարկն էլ է 25%-ով մեծացել։ Սա էլ հանգեցրել է նրան, որ շուկայում վերավաճառողները գները բարձրացրել են։

Նա նաև անդրադարձավ «Արարատցեմենտ» գործարանին ու հիշեցրեց, որ այս տարվա ամենամեծ արտադրական ծավալը գործարանը տվել է օգոստոս ամսին`ավելի քան 95 000 տոննա (սա 16 000 տ–ով ավելի է հուլիսի և 26 000 տ–ով ավելի` հունիսի ցուցանիշներից)։

Վստահեցրեց` այդ ցուցանիշը, միանշանակ, պահպանվելու է։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը 2026 թվականի հուլիսից անցել է պետական կառավարման։

Leave a comment