Անկախության տոնին Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն (PAN.am)

Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների կապակցությամբ Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակիորեն սահմանափակվելու է․ տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու հրապարակի շատրվանների դիմացի ճանապարհահատվածը։

Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ, ինչպես նաև դրան հարակից մի շարք ճանապարհահատվածներ։

Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակվելու է՝

  • Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
  • Սախարովի հրապարակից,
  • Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
  • Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
  • Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։

«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,-հորդորում են ոստիկանությունից։

Leave a comment