ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունն ավարտել է «Ստեփանավանի բժշկական կենտրոնի» տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։
Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ տնօրենը, քաջատեղյակ լինելով, որ բժշկական կենտրոնը դեռևս 2021 թվականին ընկերություններից մեկից 9 մլն ՀՀ դրամ արժողությամբ բժշկական սարքավորումներ է ձեռք բերել և դրանց դիմաց չի վճարել, ՀՀ առողջապահության նախարարությունից ԲԿ-ի կարիքների համար գումարներ փոխանցված լինելու պայմաններում ֆինանսավորում չստանալու կեղծ պատճառաբանությամբ հրաժարվել է վճարել ապրանքների արժեքը։ Քննության վարկածով՝ այդ կերպ հափշտակվել է նշված 9 մլն ՀՀ դրամը։
Բացի այդ, ըստ նախաքննության տվյալների, տնօրենը նույն ընկերության գլխավոր հաշվապահի և մի շարք աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում և խաբեությամբ հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին ձևակերպել է շտապօգնության կեղծ կանչեր։ Համապատասխան գրառումներ են կատարվել կանչերի գրանցման մատյաններում և շտապօգնության վարորդներին տրամադրվող երթուղային թերթիկներում։
Պետական պատվերի շրջանակում բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող՝ «Ստեփանավանի բժշկական կենտրոնի» աշխատողների և նրանց հարազատների անուններով նաև կազմվել են մեծահասակի հիվանդության պատմագրեր, մինչդեռ նշված անձինք իրականում առողջական խնդրով բժշկական կենտրոն չեն դիմել և բուժօգնություն չեն ստացել։ Քննության տվյալներով՝ դրա հետևանքով հափշտակվել է ընդհանուր 16 մլն ՀՀ դրամ։
Այսպիսով, ըստ նախաքննության, նշված ենթադրյալ հանցավոր արարքների հետևանքով ՀՀ առողջապահության նախարարությունից խաբեությամբ հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 25 մլն ՀՀ դրամ։
Նախաքննությամբ նաև պարզվել է, որ բժշկական կենտրոնի տնօրենն առավել շահավետ պայմաններով հիփոթեքային վարկ ձևակերպելու նպատակով «Ստեփանավանի բժշկական կենտրոնի» գործավարի աշխատավարձը 2023 թվականի մայիսից բարձրացրել է 30 հազար ՀՀ դրամով, այնուհետև վերջինիս ներգրավել որպես համավարկառու։ Քննության տվյալներով՝ այդ եղանակով հափշտակվել է տնօրենին վստահված խոշոր չափերով՝ 960 հազար ՀՀ դրամը։
Նախաքննության ընթացքում «Ստեփանավանի բժշկական կենտրոնի» տնօրենի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 2-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր և խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու, ինչպես նաև 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության երկու դրվագով։ Գլխավոր հաշվապահի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության երկու դրվագով։
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ կիրառվել են բացակայելու արգելքն ու պաշտոնավարման կասեցումը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։