Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների կապակցությամբ Երևանում նախատեսվում են երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ։
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 9։00-ից, Հանրապետության հրապարակում երթևեկությունը մասնակիորեն սահմանափակվելու է․ տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու հրապարակի շատրվանների դիմացի ճանապարհահատվածը։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 8։00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 2։00-ն, սահմանափակվելու է տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ, ինչպես նաև դրան հարակից մի շարք ճանապարհահատվածներ։
Մասնավորապես, դեպի Հանրապետության հրապարակ տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակվելու է՝
- Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
- Սախարովի հրապարակից,
- Պապ թագավորի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկից,
- Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից,
- Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկից։
«Երթևեկության անվտանգությունն ու միջոցառման անխափան կազմակերպումն ապահովելու նպատակով խնդրում ենք վարորդներին նախապես պլանավորել երթուղիները, շրջանցել նշված ճանապարհահատվածները և հետևել ճանապարհային երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներին»,-հորդորում են ոստիկանությունից։