«Ձեր ասածը նման էր նրան, որ ասեք՝ օրենքն էլ եք Դուք»․ Արամ Վարդևանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

«Երբ Դուք Տիգրանաշենի փոխարեն այլ բառամթերք եք օգտագործում, նույնն արդյոք լսո՞ւմ եք ադրբեջանական կողմից։ Ես առնվազն նման որևէ հայտարարություն Արծվաշենի վերաբերյալ չեմ լսել։ Որո՞նք են գործողությունները Ձեր պատկերացմամբ։ Միջազգային հարաբերություններում փոխադարձությունն ամենակարևոր երաշխիքներից է»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։

Նա էլ պատասխանեց․ «Ես ասեցի՝ Տիգրանաշենի մասին չեմ ասում Քյարքի, ես Քյարքիի մասին ասում եմ Քյարքի, Տիգրանաշենի մասին՝ Տիգրանաշեն։ Որ ասում եք փոխադարձություն և այլն․ փոխադարձությունը տասնյակ շերտեր ունի։ Նախ ուզում եմ ասել, որ այսօր մենք խաղաղություն հաստատել ենք և խաղաղության գործընթացը հաջողություն է ունեցել այն պատճառով, որ հասկացել ենք, որ մենք մեր ճակատագրի և մեր երկրի ապագայի հետ կապված ինքներս պետք է որոշումներ ընդունենք։ Ինքնիշխանությունը դա է։ Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, այլ ես չեզոքացրել եմ հնարավոր էսկալյացիայի վերջին կետը»։

Արամ Վարդևանյանն էլ արձագանքեց․ «Առաջնայինը ՀՀ ինքնիշխանությունն է, բայց ՀՀ Սահմանադրության 205-րդ հոդվածն ասում է՝ ՀՀ տարածքի հետ կապված որևէ փոփոխություն պետք է լինի հանրաքվեով։ Մեր ասածն էլ այն է, եթե Դուք ՀՀ տարածքի հետ կապված որևէ քննարկում դնում եք, բայց դրան փոխադարձություն չեք ունենում, այստեղ խնդիր է առաջանում։ Իհարկե, Դուք մի անգամ ասել եք՝ կառավարությունը ես եմ, հիմա նման էր Ձեր արձագանքը նրան, որ ասեք՝ օրենքն էլ եք Դուք։ Դուք չեք կարող լինել օրենքը պահանջով դնողը»։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment