«Եթե մեզ հետաքրքրում է որևէ մատյանի կամ մատյանում առավել ևս հիշատակված վանական համալիրի ծագումնաբանությունը, մենք պետք է դիմենք այդ մատյանին և բնագրերին: Եվ ՀՀ-ն այս հարցին տիրապետող ամենակոմպետենտ պաշտոնյայի՝ Մատենադարանի տնօրենի միջոցով արձագանքել է և արձանագրել է Գանձասարի հայկական ծագումը: Եվ ես ընդհանրապես անիմաստ եմ համարում այդ թեմայով խոսակցությունը, բայց նաև անիմաստ եմ համարում նպատակադրումը, եթե մենք մեր առաջ խնդիր դնենք, որ դա պետք է ապացուցենք, օրինակ, Ադրբեջանին, որովհետև դա անիմաստ և անիրագործելի խնդիր է: 13-րդ դարի մատյան կլինի, թե… այսինքն՝ դա մենք պետք է արձանագրենք, որ անիրագործելի խնդիր է»,- կառավարության հետ հարցուպատասխանի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանի հարցին։
Ընդդիմադիր պատգամավորն առաջարկել էր լրացնել բացթողումը և ԱԺ ամբիոնից պատասխանել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին՝ ասելով, որ Գանձասարը հայկական է։
«Մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ: Եվ ընդ որում, սա նոր չի, որ մենք ասում ենք դրա մասին, ասել եմ օգոստոսի 8-ին՝ 2025 թվականին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շարունակեց․ «Փոքրիկ հուշում ձեզ կողքից նայելով․ այդ խաղաղությունը մենակ դուք եք խնամում: Խաղաղության խնամքը երկկողմանի պետք է լինի: Միակողմանի խնամքը ոչնչի չի հանգեցնելու: Այն հայտարարությունները, այն պահանջները, որ հակառակ կողմից են գալիս, բացարձակ ուրիշ բանի մասին են: Իսկ երբ որ դուք միակողմանի զբաղված եք խաղաղության խնամքով, սխալ տեղ է հանգեցնելու այս խնամքը»:
Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք պետք է շարունակենք խնամք տանել խաղաղության նկատմամբ, որովհետև եթե դա մեզ համար արժեք է, այսօր աշխարհում էլ, տարածաշրջաններում էլ շատերը կան, որոնց համար դա արժեք չի, ընդհակառակը: Ես մի ամիս առաջ այս ամբիոնից ասել եմ՝ խաղաղությունը փլուզելը շատ հեշտ է, շա՛տ հեշտ: Հիմա, ասենք, այս հարցուպատասխանի ընթացքում կարող ենք մենք իրար հետ խաղաղությունը փլուզել հեշտությամբ, բայց նորից այս կետին հասնելու համար 30 տարի պետք է լինելու: Այնպես որ, եկեք ընտրենք: Մենք կատարել ենք մեր ընտրությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: